ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի համար զարմանալի է, որ «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի փոփոխություններին, որոնց դեմ պայքարում են տոնավաճառի աշխատողները, դեմ են արտահայտվում նաև ոչ իշխանական խմբակցությունները:
«Այս խնդիրը քննարկվել է, բազմաթիվ խմբակցություններ կողմ են քվեարկել, հունիսի 20-ին կողմ է քվեարկել նաև ամենամեծ միտինգավոր կուսակցությունը»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Շարմազանովը՝ նկատի ունենալով ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությանը:
Հարցին, թե հիմա ինչ է փոխվել, որ ժամանակին կողմ քվեարկած խմբակցությունները դեմ են արտահայտվում, ԱԺ փոխնախագահը պատասխանեց, որ այդ հարցը պետք է նրանց ուղղել. «Մեր խնդիրն է հարթակ ստեղծել, որ քաղաքական գործիչները քննարկեն, և այդ հարթակը կա, ու այսօր կնստեն քննարկելու։ Ի վերջո, պետք է խնդիրը լուծում ստանա, այնպիսին պետք է լինի լուծումը, որ բյուջեն չտուժի, և մեր պետությունն ու ժողովուրդը չտուժեն»,- ասաց նա:
Ըստ Շարմազանովի` ամեն ինչ պետք է լինի ոչ թե քաղաքական, այլ օրենսդրական մակարդակի վրա: «Մի քիչ էլ դժվար է իշխանության համար, քանի որ շատ քաղաքական կուսակցություններ ամիսը մեկ կարծիք են փոխում, ամսի 20-ին կողմ էին քվեարկել, հիմա մի քանի ամիս անց ասում են` դեմ ենք: Բա ո՞րն է երաշխիքը, որ այսօր ընդունեցին, վաղը չեն դժգոհի, մանկապարտեզ չէ: Դրա համար ավելի լավ է նստել քննարկել, երաշխիք չկա, որ ծափահարություններով կողմ են քվեարկել, ասում էին` շատ ավ է, որ 3.5%-1% են իջեցնում, ստվերը կրճատվում է, և մարդը օգուտ է տալիս, ու բյուջեն էլ կլցվի, հիմա հակառակն են պնդում: ԲՀԿ-ից, որ պայքարում են, իրենք կողմ են քվեարկել»:
Ինչ վերաբերում է արտահերթ նիստին, ապա Շարմազանովն ընդգծեց, որ երկու օր առաջ իրենք էին հանդես եկել օրենքը քննարկելու նախաձեռնությամբ: «Արտահերթին չեկան, իրենք 60 պատգամավոր են, 30-ը չկային։ Եթե ես օրենք եմ խախտում, իրավունք չունեմ դիմացինին ասելու` դուք կարգազանց եք»,- նկատեց նա:
Մանրամասները՝ tert.am-ում: