տուն Լուրեր ԲՀԿ-ն իր ողջ ռեսուրսով կաջակցի Հովիկ Աբրահամյանի հայտարարությունները կյանքի կոչելուն

ԲՀԿ-ն իր ողջ ռեսուրսով կաջակցի Հովիկ Աբրահամյանի հայտարարությունները կյանքի կոչելուն

108
0

naira

Գոտիները ձգելու ժամանակը վաղուց անցել է, բայց ավելի լավ է ուշ, քան երբեք,  Araratnews.am-ին ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը` անդրադառնալով օրեր առաջ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությանը, որի ընթացքում վարչապետը հերթական անգամ խոսեց կոռուպցիայի, մենաշնորների դեմ անողոք պայքար ծավալելու կառավարության նախաձեռնության մասին:

«Խոսվեց տնտեսական մոնոպոլիաների մասին, բայց ես կարծում եմ` այդտեղ երեք շաբաթ ժամկետ տալու իմաստ էլ չկար. մենք բոլորս գիտենք ՀՀ տնտեսությունը մոնոպոլիզացրած օլիգարխներին, երեք շաբաթ պետք չէ` իմանալու համար այն օլիգարխի անունը, որն իրավունք ունի շաքարավազ ներկրելու, երեք շաբաթ պետք չի իմանալու համար այն օլիգարխի անունը, որը բենզինի ոլորտում մոնոպոլիա ունի»,- մեզ հետ զրույցում ասաց Նաիրա Զոհրաբյանը` նշելով` եթե վարչապետի հայտարարությանը հետևեն  « ռադիկալ վիրահատական  քայլեր», ապա արդյունքներ կգրանցվեն:

Նաիրա Զոհրաբյանի համար զարմանալի է, որ նախարարները ստացած աշխատավարձով իրենց թույլ են տալիս աննախադեպ ճոխություններ:

«Ես ստանում եմ նույնքան աշխատավարձ, որքան նախարարները, այդ ո՞նց է ստացվում, որ ես չեմ կարողանում ինձ թույլ տալ շրջագայել «բիզնես կլասով», իսկ փոխնախարարը, նախարարության վարչության պետը, նախարարի օգնականուհիները կարող են: Կամ ի՞նչ է նշանակում` մեր հաշվին ենք անում, որտեղից ձեզ այդ ունեցվածքը»,- նշեց  տիկին Զոհաբյանը:

Նաիրա Զոհրաբյանն ասաց` իր ղեկավարած կուսակցությունն ունեցած ողջ ռեսուրսներով պատրաստ է աջակցել վարչապետին` հայտարարությունները կյանքի կոչելուն եւ երկրում արդարության մթնոլորտը վերականգնելուն:

«Անպայման մասնակցելու ենք քննարկումներին, որոնց մասին վարչապետը խոսեց, իսկ առաջարկությունների փաթեթ  մեր կուսակցության անդամ Միքայել Մելքումյանն արդեն ներկայացրել է»,- հավելեց ԲՀԿ ղեկավարը: