Ազգային ժողովը 103 կոմղ, 5 դեմ, 6 ձեռնպահ ձայներով վավերացրեց ՀՀ նախագահի ներկայացրած Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ 2015 թվականի մայիսի 11-ին ստորագրված «Երեւանի քաղաքային լուսավորության ծրագիր» վարկային համաձայնագիրը:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը, պարզվում է՝ մոտեցումը փոխել է ոչ միայն Սահմանադրական փոփոխությունների, այլ նաեւ վարկային համաձայնագրերի հարցում. վարկային համաձայնագրերին եւս կողմ է քվեարկում: Խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը քվեարկությունից առաջ վարման կարգով ելույթի ընթացքում ասաց. ««Բարգավաճ Հայաստան»-ը կողմ է քվեարկելու, իհարկե, միշտ տարբեր վարկային համաձայնագրերի դեմ կամ ձեռնպահ ենք լինում, սակայն սա այն վարկն է, որը շատ անհրաժեշտ է Երևան քաղաքին: 28 փողոցներ ամբողջապես զինվելու են տեխնիկայով, մենք հստակ կողմ ենք այս ծրագրին»:
Նույն խմբակցության պատգամավոր, «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը, սակայն, հակադարձեց նախկին կուսակիցներին. «Երևանն ունի բյուջե եւ անհամաչափ ծախսեր՝ կարիքների համեմատ: Ինձ համար վարկային պայմանագիր քննարկելիս անհասկանալի է՝ ինչպե՞ս կարելի է դրան նպաստել, ես դեմ եմ. Երևանն ունի շատ ավելի փող, քան անհրաժեշտություն՝ վարկ վերցնելու»:
Խմբակցության մեկ այլ պատգամավոր Վահե էնֆիաջյանը եւս շտապեց «հիմնավորել» խմբակցության դիրքորոշումը. «Սա եզակի վարկային համաձայնագիր է, որտեղ չկա խորհրդատվություն, չկան ծառայություններ, գումարը տրամադրվում է նպատակային՝ առկա խնդիրների լուծման համար, չկա որևէ հիմք այս հարցին դեմ քվեարկելու»:
Ազգային ժողովի նախագահն էլ հարկ համարեց հիշեցնել. «Երևանը մեր ազգի մայրաքաղաքն է, միայն երևանցիներինը չէ, ամբողջ Սփյուռքն է օգտվում Երևանի հնարավորություններից»: