տուն Լուրեր ԲՀԿ–ԼՀԿ հակամարտությունը կտեղափոխվի խորհրդարանական հարթակ

ԲՀԿ–ԼՀԿ հակամարտությունը կտեղափոխվի խորհրդարանական հարթակ

241
0

Համաձայնենք, որ ԼՀԿ-ԲՀԿ սկզբում հեռակա, իսկ հետո արդեն՝ բաց առճակատումը որոշակի ինտրիգ է հաղորդում Հայաստանի քաղաքական կյանքին։ Ապրիլ-մայիսյան իրադարձություններին  ու դրան հաջորդած ամիսներին Հայաստանում իարդարձությունները կայծակնային արագությամբ էին զարգանում, որի կուլմինացիան արտահերթ խորհրդարանակական ընտրություններն էին։ ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի խորհրդարան չանցնելը ԼՀԿ-ի ու ԲՀԿ-ի համար դժվարություններ առաջացրեցին։ Երկուսն էլ հեղափոխությանը սատարող ուժեր են, համենայն դեպս, հրապարակային հայտարարություններում այդպես են արտահայտվել, և  ՔՊ-ի հետ չնույնականացվելու համար  որոշակի գործողություններ էին ակնկալվում այս կուսակցություններց։ Հարկ է առանձին անդրադառնալ երկուսին էլ։

ԲՀԿ։ Կուսակցության գործունեությունը շարունակում է պտտվել Գագիկ Ծառուկյանի  անձի շուրջ, ով հիմա արդեն կարող ենք հստակ ասել, իսկապես ունակ է նախանձելի ճկունություն ցուցաբերել իշխանությունների հետ համաձայնության գալու գործընթացներում։ Կուսակցության հիմնադրման օրից Հայաստանի քաղաքական կյանքում ԲՀԿ-ն ֆունկցիոնալ առումով եղել է քաղաքական  տրամադրությունների բալանսավորող իշխանության ու ընդդիմության միջև։ Եթե խոցելի է եղել իշխանությունը, ԲՀԿ-ն համագործակցել է ընդդիմության հետ, իսկ եթե հարվածային դիրքում եղել է ընդդիմությունը, ապա գտնվել են իշխանությունների հետ համագործակցելու՝ թեկուզ ոչ հրապարակային ճանապարհներ։ Այսինքն՝ ցանկացած դեպքում քաղաքական երկու սուբյեկտների բողոքը մինչև վերջ տեղ չի հասել,մինչև 2018 թվականի ապրիլ։ Այժմ իրավիճակը փոքր-ինչ այլ է։ ԲՀԿ-ն փորձում է իր վրայից մաքրել նախկին համակարգի հետ առնչություն ունեցող ու ածանցվող քաղաքական էջերը ու փորձել  դիրքավորում ստանալ նոր Հայաստանում։ Իշխանության ձգտել, պարզ է՝ Ծառուկյանը այժմ չի կարող, նախկին դերակատարման շարունակությունը քաղաքական լուրջ ձախողման առջև կկանգնեցնի նրան, հետևաբար ԲՀԿ-ն պետք է այս առումով մարտավարություն փոխի։ Սովորաբար առաջին գրավականը այս հարցում հռետորաբանության վերաձևակերպումն է, ու այս գործում արդեն ԼՀԿ-ն նրանց համար լուրջ անախորժություններ կարող է ստեղծել։

ԼՀԿ։ «Ելք» դաշինքի փլուզումից հետո Էդմոն Մարուքյանին սպառնում էր ԱԺ-ում չհայտնվելու վտանգը։ Եվ ոչ միայն նրան, առհասարակ քաղաքական արտահերթ ընտրության մինիմալ շեմը հաղթահարելու գործում, բացի «Իմ քայլը» դաշինքից, բոլորը խնդիր ունեին։ Մարուքյանը գրագետ աշխատանքի շնորհիվ ոչ միայն այդ շեմը հաղթահարեց, այլև  շնորհիվ ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի ֆիասկոյի՝ բավականին ներկայանալի խմբակցություն կունենա 7-րդ գումարման ԱԺ-ում։ Ընդամենը մի քանի պատգամավոր պակաս, քան ԲՀԿ-ն։ Սա հրաշալի առիթ է մարդ-կուսակցությունից վերածվելու համապետական նշանակություն ունեցող քաղաքական ուժի։ Երևի թե սրանից ավելի լավ առիթ Էդմոն Մարուքյանը դժվար ունենա։ Մինչ այդ նա ստիպված էր «Ելք» դաշինքում անընդհատ գտնվել Նիկոլ Փաշինյանի ստվերում, Երևանի ավագանու ընտրություններն էլ ցույց տվեցին, որ դաշինքի մյուս՝ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի հետ համատեղ աշխատանքն էլ մեծ հաշվով արդյունավետ չէր։ Հետևաբար, Մարուքյանը հնարավորություն է ստանում միայնակ մանևրել ու  ազատ լինել որոշումների  կայացման գործընթացում։ Սա էլ իր հերթին նշանակում է, որ ուզած-չուզած նրա հետ հաշվի կնստեն։

Եզրակացություն։ Մի քանի օր տևած փոխհրաձգության ամենագլխավոր պատճառը միմյանց թույլ և ուժեղ կողմերի ստուգատեսն էր։ Նախ պետք է հասկանալ, ով ինչ թույլ կողմեր ունի, որտեղ է ավելի  խոցելի ու որտեղ՝ ավելի ուժեղ։ Երեկ արդեն ԲՀԿ մամլո խոսնակ Վանիկ Էլիզբարյանը պատասխանեց Էդմոն Մարուքյանի՝ նախորդ օրը հնչեցրած մեկնաբանություններին, ինչից կարելի է ենթադրել, որ՝

1. ԲՀԿ-ն ընդունում է մարտահրավերը, միևնույն ժամանակ այս փուլում ազդարարում է առաջին ռաունդի ավարտը.

2. ԲՀԿ-ԼՀԿ հակամարտությունը արդեն կտեղափոխվի խորհրդարանական հարթակ, որտեղ տիտղոսային ընդդիմություն լինելու համար քիչ ջանք չի պահանջվի։