Ազգային ժողովում գլխավոր դատախազի թեկնածուի ընտրության հարցի քննարկման ժամանակ ելույթ ունեցավ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: Նա իր ելույթում նշեց, որ անընդհատ խոսվում է դատական համակարգում առկա կոռուպցիայի մասին, իսկ Արթուր Դավթյանը` որպես համակարգում երկար տարիներ աշխատած մարդ, հրաշալի գիտի, թե որտեղ է այդ կոռուպցիան և որտեղից պետք է բռնել:
«Բայց դուք չեք կարող դա անել և չեք անելու, քանի որ դա ձեզ թույլ չեն տալու՝ ինչքան էլ ձեր մարդկային, պրոֆեսիոնալ որակները լինեն ամենաբարձրագույնը: Կրկնում եմ՝ այստեղ մարդկային և պրոֆեսիոնալ որակների խնդիրը չէ, այստեղ խաղի կանոնի խնդիր է: Քանի դեռ խաղի կանոնն այս է, քանի դեռ մեր երկրում կան օրենքից վեր մարդիկ, բացարձակապես այլ հարաբերություններ են գործում, որտեղ հանցագործը, այդ թվում՝ մարդասպանը, կարող է հայտնվել ազատության մեջ, իսկ անմեղ մարդը կարող է նրա փոխարեն պատասխանատվություն կրել, ես չեմ հավատում բարի կամքի միսիոներներին: Խաղի կանոնը մինչև չփոխվի, մինչև քաղաքական որոշում չլինի իսկապես ինչ-որ բան բարեփոխելու, ապա ինչ ուզում եք արեք՝ մեծ առումով մեկ-երկու մարդկանցով ոչինչ չի փոխվելու»,- ասաց Զոհրաբյանը: Նա նաեւ նշեց, թե մշտապես խոսվում է կոռուպցիայի մասին, բայց բոլորն էլ գիտեն, թե ովքեր են կոռուպցիայով զբաղվողները, եւ որ նրանք Անորսալի Ջոն չեն:
Զոհրաբյանը նաեւ շնորհավորեց Արթուր Դավթյանին այն կապակցությամբ, որ ի տարբերություն նորանշանակ վարչապետի` նրա հասցեին քծնանքի խոսքեր չեն հնչել:
Ելույթի վերջում նա հայտարարեց, որ ԲՀԿ խմբակցության այն պատգամավորները, որոնք կիսում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական հայացքները, չեն մասնակցելու գլխավոր դատախազի ընտրության քվեարկությանը:
Նաիրա Զոհրաբյանը հավելեց. «Մոտ օրերս ԲՀԿ խմբակցությունը հանդես է գալու կանոնակարգի փոփոխության առաջարկով, որ ԲՀԿ խմբակցության այն պատգամավորները, որոնք անջատվել են ԲՀԿ-ից ու չեն կիսում ԲՀԿ քաղաքական հայացքները, վայր դնեն պատգամավորական մանդատը»: