տուն Լուրեր Բենզինի մենաշնորհ չկա. վարչապետ

Բենզինի մենաշնորհ չկա. վարչապետ

88
0

hovik-abrahamyan-600x400-588x340

ԱԺ -կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն անդրադարձավ մենաշնորհների հարցին: Նա մեջբերեց մամուլի հրապարակումն այն մասին, որ վառելիք ներկրող ընկերություններից մեկին թույլ չեն տվել մաքսակետից առաջ շարժվել, իսկ վարորդներին ասել են՝ չգիտե՞ք, որ այս ոլորտը մենաշնորհ է:  Վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատասխանեց, թե  ըստ նախնական տեղեկության՝ նորմատիվների խախտում է եղել այդ դեպքով: Ավելի մանրամասն տեղեկություն կտրվի հետո: «Չկա մենաշնորհ»,- հայտարարեց վարչապետը:

Անդրադառնալով ընդհանրապես մենաշնորհների դեմ պայքարի խնդրին՝ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ  այսօր էլ են կառավարությունում խորհրդակցություն անցկացրել: «Մենք այդ ամենին հետամուտ ենք լինելու, չնայած նրան, որ որոշ քաղաքական ուժեր, գործիչներ փորձում են չհավատալ, բայց մենք գործով իրենց կհամոզենք»,- ասաց նա:

Ըստ Աբրահամյանի՝ օրենքով որևէ ընկերության մենաշնորհ տրված չէ, ձևավորվում են տնտեսական մենաշնորհներ, որի համար կա համապատասխան հանձնաժողով: «Հիմա մենք այսօր խորհրդակցություն ենք անցկացրել ինձ մոտ, որին մասնակցել են բոլոր պատկան մարմինների ղեկավարները: Ես ուզում եմ այս բարձր ամբիոնից հայտարարել, որ որևէ մեկին չի սահմանափակվում զբաղվել հեղուկ վառելիքի ներկրմամբ: Կարող են ներկրել և իրենք զբաղվել այդ բիզնեսով: Եվրասիական տնտեսական միության կողմից ընդունվել է տեխնիկական կանոնակարգ, ուղղակի մեր պայմանն այն է, որ այդ չափորոշիչները պետք է համապատասխանեն այդ կանոնակարգին: Դա միակ պայմանն է»,- հավելեց Հովիկ Աբրահամյանը: Նա հայտարարեց, որ ուզում է ևս մեկ անգամ շեշտել՝ մենաշնորհ չկա: