Երբ աշխարհում նավթի գները նվազում էին, Հայաստանն այդ գնանկումից զերծ մնաց. մեզ մոտ չէժանացավ ոչ գազը, ոչ էլ բենզինը: Իսկ ի՞նչ հետևանքներ կունենա նավթի գների բարձրացումը՝ արդյո՞ք այս դեպքում էլ փոփոխությունները կշրջանցեն Հայաստանը:
Այս հարցերի մասին araratnews.am-ը զրուցեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Միքայել Մելքումյանի հետ.«Կարծում եմ, որ նավթի գների բարձրացումը էներգակիրների մասով՝ մեզ վրա չի ազդի. որոշակի ստաբիլություն կպահպանվի: Դա այն աճը չէ, որ դրանից շատ վայրիվերումներ լինեն: Նավթի տեսակարար կշիռն այստեղ իրացվող ընդհանուր ապրանքի մեջ պետք է հաշվարկել, որը շատ մեծ չէ: Այնտեղ տոկոսներ են ասում, իհարկե, ես, այդ շատ ցածր տոկոսների հետ համաձայն չեմ, բայց բոլոր դեպքերում դա այդքան էլ համամասնական չէ, որ ինչքան նավթի գինը աճի, այստեղ էլ համարժեք բարձրանա, նույնն էլ՝ իջնելու ժամանակ»:
Պատգամավորի խոսքով՝ նավթի գները էներգակիրների վրա չեն ազդի, բայց կազդեն տրանսֆերտների վրա.«Կոնկրետ էներգակիրների մասով չէ, բայց ինձ ավելի ուրիշ բան է հետաքրքրում, իմ կարծիքով` ինչքան գնա ստաբիլացում, նավթի գներն աճեն ռուսական շուկայում, մեր հայրենակիցների աշխատանքի արդյունքների տրանսֆերների մասով, այնքան Հայաստանը դրանից կշահի: Ես միշտ ասում էի, որ եթե անցյալ տարի 500 մլն դոլարով մենք քիչ ենք ստացել, որովհետև 30 տոկոսով տրանսֆերտները իջել էին, հիմա եթե այսպես շարունակվեր՝ անկումային, 2014 թվականի համեմատ էդ տրանսֆերտների նվազումը կարող էր հասնել 800-900 հարյուր մլն դոլարի, որը հանգեցնում է սպառողական շուկայում վճարունակ պահանջարկի իջեցմանը: Այ դրա վրա կարող է ինչ-որ փոքրիկ դրական հետևանք ունենա՝ ի օգուտ մեզ»:
Մելքումյանը նաև նշեց, որ վերջին օրերին Հայաստանում բենզինի թանկացումը ոչ մի կապ չունի նավթի գների բարձրացման հետ.«Էդ բենզինի գինը որ աճել է, այդ բենզինն արդեն ներկրված է, հիմա մենք պետք է նայենք, թե այդ ներկրված բենզինը որ պահին է ներկրվել: Մեր շուկան այնքան մեծ չէ, որ արագ տեմպերով, այսինքն՝ ամիսը մեկ անգամ բենզին ներկրվի: Այսինքն՝ այն բենզինը, որ հիմա այստեղ վաճառվում է, այնպես չէ, որ նավթի գները բարձրանալուց հետո են ներկրել»: