տուն Քաղաքական Միջազգային Բելգիայի խորհրդարանի Ստորին պալատի մեծամասնությունը մտադիր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Բելգիայի խորհրդարանի Ստորին պալատի մեծամասնությունը մտադիր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը

89
0

cicernakaberdԲելգիայի խորհրդարանի Ստորին պալատի մեծամասնությունը մտադիր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ֆրանսալեզու RTBF եւ RT հեռուստաալիքներին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Բելգիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի «Բարեփոխական շարժում» (MR) խմբակցության առաջնորդ Դենի Դյուկարնը:

Բելգիական RLN պարբերականի փոխանցմամբ, առաջիկայում Դյուկարնը համապատասխան բանաձեւի նախագիծ կներկայացնի:

Կոալիցիոն մեկ այլ կուսակցություն՝ «Ֆլամանդական նոր դաշինքը» (N-VA), բանաձեւի նախագիծ արդեն ներկայացրել է, սակայն Դյուկարնն այն սեւագիր է անվանել, որը մշակման կարիք ունի, քանի որ տեքստում ճանաչման թեման շրջանցվում է:

Բոլոր կուսակցությունները ցանկանում են ճանաչել ցեղասպանությունը, եւ թուրքական ծագմամբ որոշ պատգամավորների վերաբերմունքը, ըստ բելգիական պարբերականի, վեճերի տեղիք է տալիս: Օրինակ՝ «Ժողովրդավարական մարդասիրական կենտրոն» կուսակցությունից հեռացվել է ճանաչումից հրաժարվող Բրյուսելից պատգամավոր Մահինուր Օզդեմիրը:

Հիշեցնենք, որ բելգիական խորհրդարանը 1998 թվականին Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ է ընդունել Վերին պալատի (Սենատի) մակարդակով: Ստորին պալատն առայժմ նման փաստաթուղթ չի ընդունել: