Բելառուսը պատրաստ է իր ներդրումն ունենալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում, «БЕЛТА» գործակալության փոխանցմամբ` հայտարարել է Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը:
Նա նշել է, որ Բելառուսը միշտ ունեցել է այն դիրքորոշումը, որ ցանկացած հակամարտություն հարկավոր է կարգավորել բանակցությունների սեղանի շուրջ, այլ ոչ թե ռազմադաշտում:
«Հայ և ադրբեջանական ժողովուրդը մեր եղբայրներն են»,- ընդգծել է Վլադիմիր Մակեյը` հավելելով, որ ԼՂ-ում իրավիճակի սրման կապակցությամբ Բելառուսի ղեկավարությունը սերտ կապի մեջ է հայկական և ադրբեջանական կողմերի հետ:
Հիշեցնենք, որ Արցախում ռազմական թեժ բախումների ժամանակ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույց էր ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, ինչից հետո Բելառուսի ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել, ըստ որի` ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա:
Հայաստանի ԱԳՆ-ն հրավիրել էր մեր երկրում Բելառուսի դեսպանին` հայտնելով, որ այդ հայտարարությունը կարող է ազդել հայ-բելառուսական հետագա հարաբերությունների վրա: Ավելի ուշ Բելառուսի ԱԳՆ-ի հայտարարության տեքստը փոխվեց: