Այսօր լրատվամիջոցներում լուրեր էին տարածվել, որ ԲԴԽ նախկին անդամ Արմեն Բեկթաշյանը նշանակվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր: Araratnews.am-ը զանգահարեց Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գրիգոր Բեքմեզյանին՝ լուրերի իսկությունը ճշտելու: «Ես դրանից ազնվորեն տեղյակ չեմ: Մենք առաջխաղացման ցուցակներում Բեկթաշյանին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր ենք առաջադրել դեռ անցյալ շաբաթ եւ ներկայացրել նախագահին: Բայց ՀՀ նախագահի նշանակման մասին ես տեղյակ չեմ: Կարող է եղել նշանակում, բայց ես չգիտեմ»,- պատասխանեց պարոն Բեքմեզյանը:
Վերաքննիչ քրեական դատարանից հաստատեցին տեղեկությունը, սակայն Բեկթաշյանի հետ կապ հաստատել չհաջողվեց: «Գիտեք, նա ներքին համար դեռ չունի, նոր է նշանակվել, զանգահարեք մի քանի օրից»,- մանրամասնեցին դատարանից:
Ի դեպ, Araratnews.am-ի տեղեկություններով՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորները հորդորել են Բեկթաշյանին ավարտել իր կիսատ թողած դատական բազմաթիվ գործերը, ապա նոր անցնել այլ աշխատանքի, քանի որ ցանկություն չունեն գործընկերոջ անավարտ գործերը քննելու, հատկապես որ դրանց մի մասը «մուխանաթ» դատական գործեր են:
Սոնա Դավթյան