Փաստաբաններից ոմանք արդեն երկար ժամանակ է՝ դժգոհում են Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) գործունեությունից: Բանն այն է, որ շաբաթներ առաջ փաստաբաններից ոմանք դժգոհեցին, որ Բարձրագույն դատական խորհուրդը փորձել է ամենաքիչ ձայներ ստացած ԲԴԽ անդամ ընտրել դատավոր Նախշուն Տավարացյանին՝ պատճառաբանելով գենդերային հավասարության խնդիրը: Սա դեռ ամենը չէ: Օրեր առաջ փաստաբաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը բարձրաձայնեցին ԲԴԽ-ի ապօրինությունների մասին:
Արդյոք ընտրություններից հետո դատական համակարգում փոփոխություններ կլինե՞ն, կփոխվի՞ ԲԴԽ-ի կազմը: Այս խնդիրների մասին զրուցեցինք փաստաբան Երվանդ Վարոսյանի հետ:
Araratnews.am-ի հետ զրույցում փաստաբան Երվանդ Վարոսյանն ասաց, որ ԲԴԽ-ը պետք է ձեւավորվեր Սահմանադրությանը համապատասխան ու լեգիտիմություն ունեցող կառույցի կողմից:
Փաստաբանը ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական պայքարում քաղաքական ուժերից ակնկալում է հստակ պատասխան՝ ո՞րն է դատական համակարգի տեսլականը: Անկախ դատական համակարգը՝ մեջբերեցինք քաղաքական ուժերի հայտարարությունը:
Ի պատասխան Երվանդ Վարոսյանն ասաց, որ այդ բառերն իր տատն էլ կարող է ասել: «Քաղաքական ուժերն ի՛նչ են հասկանում անկախ դատական համակարգ ասելով: Նրանք համարում են Բարձրագույն դատական խորհուրդը լեգիտի՞մ մարմին, գո՞հ են այդ մարմնի գործունեությունից, եթե ոչ՝ ապա ի՞նչ միջոցներ են ձեռնարկելու իրավիճակը փոխելու համար: Եթե այս հարցերի պատասխանը չունեն, գնում են ընտրությունների, որ ի՞նչ անեն»,- հարցեր է հնչեցնում փաստաբանը:
Հնարավո՞ր է ընտրություններից հետո Բարձրագույն դատական խորհրդի կազմն ամբողջությամբ փոխվի: «Այո՛, հնարավոր է: Այլ տարբերակ հնարավոր չէ, քանի որ այլ տարբերակի դեպքում որեւէ փոփոխություն չենք ունենա»,- կարծում է մեր զրուցակիցը:
Ո՞րն է երաշխիքը, որ Բարձրագույն դատական խորհրդի կազմի փոփոխությունից հետո խորհուրդը չի առաջացնի փաստաբանների դժգոհությունը: Երվանդ Վարոսյանի խոսքով՝ լեգիտիմ խորհրդարանը պետք է թափանցիկ ընտրություն անցկացնի: Թեկնածուների առաջադրումն ու նրանց ընտրությունը ԱԺ-ում պետք է բաց ու թափանցիկ լինեն, ԲԴԽ-ի անդամները հասարակության համար պետք է հասկանալի կերպարներ լինեն: «Նրանք պետք է առաջնորդվեն օրենքով, պետք է օրենքի ու ժողովրդի ծառան լինեն, ոչ թե դատական համակարգի «տնօրեն»: Չպետք է օրենքը ծալեն ու դնեն մի կողմ եւ ասեն՝ ով մեզ խնդրի, դատավոր նշանակենք այստեղ, իսկ ով մեզ չի խնդրել ու լավ աչքով չի նայել, պիտի նշանակենք մի ուրիշ տեղ: Կամ՝ իրենց կուտակված բարդույթները փաթաթեն մեր վզին»,- մանրամասնեց Երվանդ Վարոսյանը:
Հիմք ընդունելով իշխանության հայտարարություններն ու մոտեցումը՝ փաստաբանը հույս ունի՞, որ դատական համակարգում փոփոխություններ կլինեն: «Այսօրվա դրությամբ քաղաքական այս թոհուբոհը ինձ նման հիմք չի տալիս, այն ուժը, որը հավակնում է գերակշիռ մեծամասնության, ինձ չի ասել՝ դատական համակարգի հետ ի՞նչ է անելու, ԲԴԽ-ի գործունեությունը դրակա՞ն է գնահատում, թե՞ բացասական, չգիտենք՝ ընտրություններից հետո ինչ-որ բան շտկվելո՞ւ է, թե՞ ոչ»,- ավարտեց իր խոսքը փաստաբան Երվանդ Վարոսյանը:
Սոնա Դավթյան