Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը հակառակորդի կողմից սկսված թեժ մարտերի հետևանքով հայկական կողմն, ըստ պաշտոնական հաղորդագրության, ունի 32 զոհ, 102 վիրավոր եւ 25 անհետ կորած:
Անհետ կորածների հարցերով այս պահին զբաղվում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն: ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին Araratnews.am-ին հայտնեց՝ հարցն իրենց ուշադրության կենտրոնում է, եւ բոլոր կողմերի հետ ընթանում է երկխոսություն:
«Բոլոր կողմերի հետ վարում ենք մեր երկխոսությունը, որն ունի կոնֆեդենցիալ բնույթ: Գտնվում ենք երկխոսության ակտիվ փուլում: Բավականին անկայուն իրավիճակ է, այս պահին ամփոփումներ անել կամ հստակ թվեր ասել՝ մենք չենք կարող, որովհետև դա եւս մեր երկխոսության մասն է կազմում»,- նշեց Զառա Ամատունին:
Մեր դիտարկմանը, որ շատ ընտանիքներ իրենց որդիներից տեղեկություն չունեն եւ չգիտեն՝ ում դիմել, տիկին Ամատունին ասաց. «Մեր հրապարակումների միջոցով կարող ենք ցավ պատճառել ընտանիքներին, ովքեր լուրերի են սպասում: Հաշի առնելով ընթացքն ու փոփոխական իրավիճակը՝ մանրամասներ չենք կարող ներկայացնել»:
Այնուամենայնիվ, նշեց՝ եթե լինի հստակ ինֆորմացիա տրամադրելու, անպայման հանդես կգանք հայտարարությամբ: