Բարսելոնահայությունը, անմասն չմնալով արցախյան վերջին զարգացումների կապակցությամբ իրականացված նախաձեռնություններից, իր զորակցական հավաքով միացել է տարբեր քաղաքներում կազմակերպվող երթերին։
Զորակցական հավաքը` նվիրված հայոց բանակին և արցախահայությանը, տեղի է ունեցել ապրիլի 10-ին՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայրապետական պատվիրակ, Իսպանիայի և Պորտուգալիայի ընդհանուր փոխանորդ Տ. Սասուն Ծ. վրդ. Զմրուխտեանի գլխավորությամբ:
Պատարագի ընթացքում Հայաստանի և Արցախի անսասանության համար իրականացվել է «Կարգ Մաղթանաց Վասն Հայաստան և Արցախ Աշխարհաց»-ի արարարողությունը, իսկ հայկական բանակի նահատակների ու խաղաղ բնակիչների հոգիների հանգստության համար՝ հոգեհանգստյան կարգ: Օրվա պատգամը փոխանցել է Բարսելոնայի Հայկական մշակութային միության ատենապետ Տաթև Սուլեանը: Նա ամփոփ ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատմությունը։ Սուլեանը կոչ է արել, որ ամեն մի հայ իր իսպանացի ու կատալոնացի ընկերների հետ Արցախի հակամարտության մասին զրուցելիս հիշեցնի, որ արցախահայությունն օրինական ճանապարհով և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա է ձեռք բերել իր անկախությունը, որը, սակայն, միջազգայնորեն չի ճանաչվել: Սուրբ պատարագի ավարտին Բարսելոնայի Հայկական մշակութային միության մեկօրյա դպրոցի սաները հայրենասիրական երգերով եզրափակել են հավաքը: