Օրերս Araratnews.am-ի հավատարիմ ընթերցողներից մեկը կապ հաստատեց մեզ հետ՝ իր բողոքը տեղ հասցնելու նպատակով: Վերջինս պնդում է, որ հերթական ճամփորդությունից հետո տուն վերադառնալիս՝ հասնելով Զվարթնոց օդանավակայան, միացրել է բջջային հեռախոսը եւ ստացել հետեւյալ հաղորդագրությունը. «Բարի գալուստ Թուրքիա»: Նամակի մեջ ասվում է, որ քաղաքացին կարող է օգտվել Թուրքիայում գործող ռոումինգի ծառայություններից և այլն և այլն: Զավեշտը կայանում է նրանում, որ նման նամակներ են ստանում ՀՀ բջջային օպերատորների բաժանորդները:
Մեզ դիմած քաղաքացին «Յուքոմ» ցանցի բաժանորդ էր: Araratnews.am-ի հետ զրույցում «Յուքոմ» ընկերության հանրային կապերի պատասխանատու Դիանա Մնացականյանը նշեց, որ այդպիսի խնդիրներ ունեցել ենք նաև Վրաստանի և Իրանի հետ, սակայն այդ հարցը այն ժամանակ լուծվել է:
«Ըստ ընդունված ընթացակարգի ՀՀ ՀԾԿՀ նախաձեռնում է գործընթաց, որով սահմանակից երկրների օպերատորները պետք է հստակեցնեն ծառայությունների մատուցման թե՛ տարածքները, թե՛ ազդանշանի ներթափանցման ուժգնությունը։ Սա մենք հրաշալի կերպով իրականացրել ենք Վրաստանի և Իրանի օպերատորների հետ՝ երկար աշխատանքային ճանապարհ անցնելով այս ուղղությամբ։ Ենթադրում ենք, որ Թուրքիայի հետ նման գործընթաց նախաձեռնելն ունի իր բարդությունները (օրինակ՝ դիվանագիտական հարաբերություններ չունենալը) և որ նույն հաջողությամբ Թուրքիայում կարող են ստանալ «Բարի գալուստ Հայաստան» հաղորդագրությունը, որովհետև որևէ կարգավորում երկու երկրների օպերատորների միջև իրականացված չէ»,-ասաց Դիանա Մնացականյանը: