Ազգային ժողովում այսօր քվեարկության է դրվել ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Քվեարկությունից առաջ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրիա Զոհրաբյանը, ելույթ ունենալով ասաց, որ օրենքում մտցված փոփոխություններն, ըստ էության, կոսմետիկ են:
«Այստեղ ավիացիայի ոլորտի վերաբերյալ միգուցե ինչ-որ կոսմետիկ, կիսագրագետ փոփոխություններ են մտցվել, խնդիրները ոլորտի վերաբերյալ մնում են չլուծված, ավելին, երեկ նիստից հետո պարզվեց, որ կա մեկ ընկերություն, որը քանիցս դիմել է ազգային ավիափոխադրողի կարգավիճակ ստանալու համար: Իսկ երեկ նախարարն այստեղ ասում էր, որ դիմողներ չկան: Փոխադրողը պատրաստ է գալ Ազգային ժողով խմբակցությունների հետ հանդիպել ու ասել, որ, մեղմ ասած, ճիշտ չէ, որ կառավարության ներկայացուցիչները մարդուն արդեն մի քանի տարի այստեղից այնտեղ են ուղարկում: Իսկ այս կոսմետիկ փոփոխություններին մենք չենք կարող «կողմ» քվեարկել»,- ասաց նա և հայտարարեց, որ խմբակցությունը «ձեռնպահ» է քվեարկելու:
Ի պատասխան Զոհրաբյանի` ՀՀԿ-ական Վարդան Այվազյանն ասաց, որ «Ազատ երկնքի քաղաքականությունը» չի տալիս ազգային փոխադրողի իրավասությունները:
«Նախարարը Ձեզ չէր կարող նման բան ասել: Ներկայացված առաջարկները հետագայում քննարկելու համար են: Բարի եղեք հարցից տեղեկացված լինել»,- ասաց պատգամավորը:
Օրենքի նախագիծն ընդունվեց` 72 «կողմ», 4 «դեմ» և 29 «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ: