ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր սահմանադրական փոփոխությունների հարցով խորհրդարանում ընթացող լսումների ընթացքում հայտարարեց, որ որքան էլ փորձեն համոզել, թե ՀԱԿ-ը եկել է ԱԺ բովանդակային քննարկման, միևնույն է, դա այդպես չէ. «Մենք չենք եկել ոչ առաջարկներ անելու, ոչ փորձելու բարելավել նախագիծը: Եկել ենք ժողովրդին հասցնելու ՀԱԿ-ի տեսակետը, այն էˋ մերժում ենք Սահմանադրական գործընթացըˋ համարելով այն Սահմանադրական հեղաշրջում»:
ՀԱԿ խմբակցության ղեկավարը կրկին պնդեցˋՍահմանադրությունը փոխելու անհրաժեշտություն չկա. «Երկրում տեղի ունեցող բացասական երևույթները կապ չունեն Սահմանադրության հետ, կապ ունեն միայն Սերժ Սարգսյանի կողմից երկրում հաստատված ավազակապետության հետ»:
«Սահմանին պատերազմական իրավիճակ է, բայց Սերժ Սարգսյանը լռում է, ինչու, որովհետև մի նպատակ ունի անցկացնել Սահմանադրությունը, եթե անգամ այն վնասի ազգային անվտանգությանը: Գործող Սահմանադրությունը թույլ չի տալիսˋ նույն անձը երկու անգամից ավել ընտրվի ՀՀ նախագահ: Այս արգելքը վերացնելու միակ տարբերակը Սահմանադրությունը փոխելն է: Այդ նպատակով է անցում կատարվում խորհրդարանական համակարգի, ստեղծվում է եվրոպական ստանդարտների հետ որևէ առնչություն չունեցող եւ աղճատված համակարգ, որում գլխավոր դերում ԱԺ նախագահն է, որն էլ իշխող կուսակցության ղեկավարի պաշտոնի դերի հետ համատեղ իր ձեռքում կկենտրոնացնի երկրի բոլոր կարևոր լծակները»,- նշեց Լևոն Զուրաբյանը:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ իր ելույթում հակադարձեց Զուրաբյանինˋ տեղեկացնելով, որ երեկ նախագահը սահմանային իրավիճակի հետ կապված անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել. «Հարգելի բարեկամ, պարոն նախագահը երեկ սահմանային լարված իրավիճակի հետ հկապված հրավիրել է անվտանգության խորհրդի նիստ: Մենք մեղավոր չենք, որ դուք տեղյակ չեք եղել այդ մասին»: