ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանն անդրադարձավ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի հորդորին՝ թույլատրել բարձր գնաճը և զուգահեռ տնտեսական բարձր աճ ունենալ: Ըստ ԿԲ փոխնախագահի՝ բարձր գնաճն առաջին հերթին կանդրադառնա աղքատների վրա:
«Այո, մենք չենք ուզում բարձր գնաճ սահմանել, որովհետև աշխարհի ոչ մի խելամիտ երկիր չի թույլատրում բարձր գնաճ, 2-5 տոկոսից ավելի գնաճ չի սահմանում: Դա մեր «կապրիզը» չէ, աշխարհում է այդպես»,- նշեց Ներսես Երիցյանը:
Բարձր գնաճը մարդկանց պահելուէ լարման մեջ, համոզված է ԿԲ փոխնախագահը. «Հատկապես, երբ մեր քաղաքացիները պանիկայի մեջ են ընկնում բարձր գնաճի եւ փոխարժեքի տատանման դեպքում, սկսում են անընդհատ դոլարիզացնել իրենց եկամուտները: Բարձր գնաճը մարդկանց պահելու է լարման մեջ: Պնդել, թե բարձր գնաճը կարելի է կառավարել, նույնն է՝ բժշկից խորհուրդ ստանալ, թե կարելի է կառավարել բարձր արյան ճնշումը: Բոլորին է հայտնի՝ ուր կտանի նման բժշկությունը»: