ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման People ամսագրին ամուսնու հետ համատեղ հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ ինքն ու Բարաքը մեկ անգամ չէ, որ ականատես են եղել ռասիստական վերաբերմունքի։ Նրա խոսքերով՝ մի անգամ Բարաք Օբամային շփոթել են մատուցողի հետ։
«Հատուկ ընթրիքի ժամանակ նա կրում էր սմոքինգ, և ինչ-որ մեկը նրան խնդրեց սուրճ մատուցել», — հիշել է առաջին տիկինը։ Նա չի մանրամասնել, թե երբ է դա տեղի ունեցել։
Բարաք Օբաման, իր հերթին, ասել է, որ յուրաքանչյուր սևամորթի կյանքի ընթացքում եղել է պահ, երբ նա դուրս է եկել ռեստորանից, և նրան տվել են մեքենայի բանալիները՝ կարծելով, թե նա մեքենայի կայանման պատասխանատուն է։ Ըստ Օբամայի՝ վերջին ժամանակներում սևամորթների իրավունքների հետ իրավիճակն ԱՄՆ-ում զգալի բարելավվել է։