ԱՄՆ նախագահի գաղտնի ծառայությունը, որն իրականացնում է ԱՄՆ թիվ մեկ դեմքի պաշտպանությունը, թույլ է տվել հարյուրավոր սխալներ Սպիտակ տան տարածք ներխուժած Օմար Գոնսալեսի դեպքում։ Այս մասին գրում է The National Review-ն։
Բարաք Օբամայի թիկնազորի աշխատանքների վերաբերյալ գրված գաղտնի զեկույցի համաձայն՝ անվտանգության համակարգում թույլ է տրվել առնվազն 1000 սխալ։ Շուտով լսումներ են կազմակերպվելու ԱՄՆ կոնգրեսում, ուր հատուկ ծառայության աշխատակիցները պետք է բացատրեն, թե ինչպես է դանակով զինված Օմար Գոնսլեսը կարողացել ներխուժել Սպիտակ տան տարածք, դանակով անցնել մի քանի դահլիճներով, իսկ չեզոքացվելուց առաջ՝ զինաթափել հատուկ ծառայության կին աշխատակցին։
Ըստ Կոնգրեսի հանձնաժողովի անդամ, հանրապետական Ջեյսոն Չաֆեթզի, այս ամենը պայմանավորված է նրանով, որ Հատուկ ծառայությունները 2001 թվականից հետո սկսել են քաղաքականացվել և նրանց ղեկավարներ նշանակել ոչ թե պրոֆեսիոնալների, այլ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով։