ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստում ընդգրկված «Հայոց ցեղասպանությունը` որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն», «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ» ՀՀ ԱԺ հայտարարության մասին այսօր լրագրողների հետ զրույցում խոսեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը:
ԲՀԿ խմբակցության քարտուղարը վստահ էր, որ այս հայտարարությունը կընդունվի միաձայն և կնպաստի Ցեղասպանության ճանաչմանը: Հայտարարության մեջ ասվում էր, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը՝
— հիմք ընդունելով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի՝ 1948 թվականի դեկտեմբերի 9-ին ընդունած «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» կոնվենցիան, ՀԽՍՀ Գերագույն խորհրդի՝ 1988 թվականի նոյեմբերի 22-ին ընդունած «Օսմանյան Թուրքիայում հայերի 1915 թ. Ցեղասպանության դատապարտման մասին» օրենքը,
— արժեւորելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրով ամրագրված դրույթները,
— կարեւորելով միջազգային հանրության հետ համատեղ ուժերով մարդկության դեմ հանցագործությունների, ցեղասպանությունների դատապարտմանը եւ կանխարգելմանն ուղղված ջանքերում հայ ժողովրդի ներդրումը,
— երախտագիտություն հայտնելով բոլոր պետությունների խորհրդարաններին, պետական եւ տեղական կառույցներին ու միջազգային կազմակերպություններին, որոնք պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, ընդունել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքներ,
կոչ է անում բոլոր երկրների խորհրդարաններին, միջխորհրդարանական եւ միջազգային կազմակերպություններին պաշտոնապես ճանաչել եւ դատապարտել Օսմանյան կայսրության իրականացրած Հայոց ցեղասպանությունը` որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն:
Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալությանը անդրադառնալով Էնֆիաջյանը հայտարարեց, որ անկախ որևէ քաղաքական հայացքների, Ապրիլի 24-ը չի կապում, որևէ բանի հետ: «Մենք չպետք է խառնենք այս երկու իրադարձությունները իրար: Մենք պետք է Ապրիլի 24-ին մեր համախմբվածությունը ցույց տանք ու չկապենք որևէ դեպք կամ որևէ անձի հետ»:
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայկական համայնքի հետ հանդիպման ժամանակ խոսք է տվել, որ արտաբերելու է «ցեղասպանություն» բառը, նշեց Վահե Էնֆիաջյանը: «Մի քանի օր է մնացել մինչը Ապրիլի 24-ը: Տեսնենք ինչ կլինի, ինչ գործողություններ կիրականացնի Բարաք Օբաման, ու վերջիվերջո ԱՄՆ-ն կընդունի՞ հայերի հանդեպ իրականացրած Ցեղասպանությունը»:
Վահե Էնֆիաջյանը անդրադարձավ նաև Հռոմի Պապի ելույթին, ասելով, որ դա մեծ խթան էր հայերի Ցեղասպանության ճանաչման հարցում: «Անկասկած, Էրդողանի արած հայտարարությունները Հռոմի Պապի ելույթից հետո չգիտակցված էին: Հիմա մենք որևէ բան չունենք վախենալու Էրդողանի վարած քաղաքականությունից: Մենք ուղղակի պետք է աչալուրջ լինենք մեր ադրբեջանական սահմանին, քանի որ այնպիսի հարևաններով ենք շրջափակված, որ զգոնությունը պարտադիր է»: