տուն Լուրեր «Բանտիկ» ու ծաղկեպսակ են առել. Զովունու ղեկավարը միլիոննե՞ր է փոշիացրել

«Բանտիկ» ու ծաղկեպսակ են առել. Զովունու ղեկավարը միլիոննե՞ր է փոշիացրել

168
0

Կոտայքի մարզի Զովունի համայնքի բնակիչներից մեկը` Արկադի Գալստյան անունով ազգանունով, զանգահարել էր Araratnews.am-ի խմբագրություն եւ դժգոհում էր Զովունի համայնքի ղեկավար Վրույր Սիմոնյանի գործունեությունից: Քաղաքացին այդ մասին գրավոր տեղեկացրել է կառավարությանը, սակայն գործադիր մարմինը  քաղաքացու  բողոքն ուղարկել է Կոտայքի մարզպետարան, որն էլ իր հերթին բողոքն ուղարկել է գյուղապետարան:

Վրույր Սիմոնյանը մեկ տարի է, որ  ղեկավարում է Զովունի համայնքը: Մինչ ընտրվելը խոստացել է  համայնքի  համար բարենպաստ գործունեություն ծավալել,  սակայն «եկավ ու նախորդից ավելի վատ բաներ արեց»: «957 հազար դրամով ապրիլյան պատերազմի  հերոսների համար խաչքար է տեղադրել: Ապրիլյան պատերազմի  հերոսների համար 1941-1945 թթ. երկրորդ հայրենական պատերազմի զոհվածների հիշատակին կառուցված հուշարձանի սալահատակը փոխելու համար 998. 000 դրամի ծախս է ներկայացրել, բայց 2017 թ-ի ապրիլի 18-ի N 43 ավագանու որոշմամբ բյուջեի 4239 հոդվածի համաձայն տրամադրվել է 300.000 դրամ, իսկ 5122 հոդվածի համաձայն՝ 800.000 դրամ: Երբ 1.000.000 մլն դրամը գերազանցող ծախսի մասին է խոսքը, պետք է մրցույթ հայտարարվի, մի բան, որը չի արել համայնքի ղեկավարը: Ավելի քան 12 մլն դրամով նարդի խաղալու համար ծերերի զբաղմունքի կենտրոն է կառուցել, այն դեպքում, երբ դրա կողքին մշակույթի կենտրոնն է, որի սենյակները դատարկ են: 999 հազար դրամով լուսավորություն է անցկացվել»,- մանրամասնեց բնակիչը:

Բնակչի խոսքով՝ համայնքի ղեկավարը պարտավոր է  նախեւառաջ լուծել համայնքի առաջնային խնդիրները,  ապա համայնքի բյուջեի ավելացած գումարների հաշվին լուծել մյուս հարցերը: Որպես առաջնային խնդիր՝ Արկադին  համարում է աղբահանության հարցը: Շաբաթը մեկ անգամ է կատարվում աղբահանություն, իսկ աղբը թափում են գյուղի կենտրոնում, քանի որ համայնքն աղբավայր չունի: «Դիմել եմ կառավարություն, որտեղից ինձ պատասխանում են՝ էսքան բան ենք արել, «բանտիկ» ենք կապել, ծաղկեպսակ ենք առել, մի բաժակ խմել ու կենաց ենք ասել»,- հեգնանքով ասաց մեր զրուցակիցը, ապա ավելացրեց՝ միլիոններ են փոշիացրել:

Արկադի Գալստյանը մեզ ներկայացրեց  պատկան մարմիններին ուղղված իր գրությունները:

Զանգահարեցինք Զովունի համայնքի ղեկավար Վրույր Սիմոնյանին եւ պարզաբանում խնդրեցինք: Լսելով հարցը՝ համայնքապետն ասաց, որ  արդեն հոգնել է  բողոքողից. «Ես դատի եմ տալու նրան զրպարտության համար»:

Հստակեցրինք՝ բողոքի ո՞ր մասն է զրպարտություն. Զովունիում  հուշարձան ու տարեցների կենտրոն չե՞ն կառուցվել: Համայնքի ղեկավարը պատասխանեց. «Լավ եմ արել: Էդ նույն տղան գրել էր, որ ես ամեն օր շաբաթօրյակ եմ անում ու ծառ եմ տնկում»:

Այլ հարցերի համայնքի ղեկավարը չպատասխանեց: Նա հորդորեց մեզ գալ Զովունի եւ տեսնել՝ ինչ է կատարվում համայնքում:

Սոնա Դավթյան