ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Հայկ Կոնջորյանն ու Գեւորգ Գորգիսյանը կառավարությանը ներկայացրել են «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ անել: Մասնավորապես, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 46-րդ հոդվածը լրացնել նոր մասերով, որոնց դրույթների համաձայն՝ պարտապանի մոտ դրամական միջոցների առկայության դեպքում պարտապանի հաշիվները սպասարկող բանկը կամ այլ վարկային կազմակերպությունը հնարավորինս սեղմ ժամկետում, բայց ոչ ուշ, քան արգելանք դնելու հաջորդ օրը, էլեկտրոնային հաղորդագրության միջոցով հարկադիր կատարողին տեղեկացնում է պարտապանի դրամական միջոցների վրա դրված արգելանքի չափի մասին, իսկ հարկադիր կատարողը նշված տեղեկատվությունը ստանալուց հետո էլեկտրոնային հաղորդագրության միջոցով հանում է պարտապանի ունեցած դրամական միջոցների վրա դրված արգելանքը, որն անհրաժեշտ չէ պարտապանի պարտավորության ապահովման համար:
Կառավարությունը, ընդունելի համարելով նախագծով նախատեսված ընդհանուր կարգավորումները, ունի դիտողություն, որը վաղը կառավարության վաղվա նիստում կքննարկվի: Ավելի կոնկրետ՝ արդարադատության նախարարությունն առաջարկում է բանկային հաշվի ընտրության հնարավորությունը պետք է թողնել պարտապանին: Հարկ է նկատի ունենալ նաև, որ հնարավոր են դեպքեր, երբ պարտապանը միևնույն բանկում ունի միաժամանակ դրամային և արժութային հաշիվներ կամ ավանդներ: Այս դեպքում նախագծում կարգավորման կարիք ունի նաև հաճախորդի միջոցների նկատմամբ բանկի կողմից արգելադրում իրականացնելու հաջորդականությունը: Նախարարությունն առաջարկում է նաև նախագծի 1-ին հոդվածով լրացվող 2.4-րդ մասով նախատեսված արգելանքը մասնակի հանելու դեպքը կարգավորել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքով նախատեսված արգելանքից հանելու հիմքերով:
Քննարկման կարիք ունի նաև օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը, քանի որ ամբողջ ծավալով օրենքի կիրառումը պահանջում է տեխնիկածրագրային փոփոխությունների իրականացում:
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը պատրաստակամ է համագործակցել օրենքի նախագծի հեղինակների հետ՝ ներկայացված դիտողություններին համապատասխան համապարփակ լուծումներով օրենքի նախագիծը լրամշակելու նպատակով: