Վարչապետ Կարեն Կարապետյանը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ դիտարկվում է գործարարներին որոշակի հարկային և էներգակիրների մատակարարման մասով արտոնություններ տրամադրելու հնարավորությունը՝ բոլոր այն նոր արտադրություններին, որոնք Հայաստանում չկան:
Մեկ օր առաջ, հանդիպում էր եղել նաև բանկային ոլորտի ներկայացուցիչների հետ, որտեղ առաջարկվել էր, որպիսզի բանկային ոլորտի կողմից առաջարկություններ ներկայացվեն, թե ինչ կոնկրետ միջոցառումներ պետք է իրականացվեն տնտեսության համար լրացուցիչ վարկավորում ապահովելու նպատակով, այլ կերպ ասած բանակային համակարգը պետք է էժան և երկարատև փողեր տրամադրելու ուղիներ գտնի:
Հիշեցնենք, որ այդ նույն օրը, Կենտրոնական բանկի խորհուրդը 0,5%-ով իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, այն հասցնելով 6,75% -ի մակարդակի: Այնուամենայնիվ Հայաստանի բանկային տոկոսները բարձր են, որի մեղավորը նաև պետության կողմից իրականացվող դրամավարկային քաղաքականությունն է, որը պայմանավորված է եղել գնաճի դեմ պայքարի տրամաբանությամբ:
Դժվար թե հասունացել է այնպիսի իրավիճակ, որ բանկային ոլորտը ինքը շահագրգռված է հնարավորինս նվազեցնելու առևտրային վարկերի տոկոսադրույքները: Մեր բանկերին դեռևս հասու է արտերկրի ֆինանսական կազմակերպություններից ցածր տոկոսներով ֆինանսական միջոցներ բերելու և դրանցով մեծ մարժայով որոշակի ծավալով տնտեսությանը վարկավորման ծառայություններ մատուցելը:
Իրական սեկտորը լավ վիճակում չէ և վարկերի վերադարձը ավելի ու ավելի ռիսկային է դառնալու: Շատ մտահոգիչ վիճակ է գյուղացիական տնտեսությունների վարկերի ետվերադարձման տեսակետից:
Հայաստանի բանկային համակարգի համար անշուշտ լավագույն ժամանակներ չեն: Դա պայմանավորված է ինչպես նշեցինք նախևառաջ իրական սեկտորի ծանր վիճակով, ինչպես նաև ավանդների սպասարկման ծանրացող բեռով: Բանկային ոլորտը մեր տնտեսության կայացած և պաշտպանված ոլորտն է եղել, իր գրագետ մենեջերներով, սակայն այսպես շարունակվելու դեպքում նույնիսկ պետությունը չի կարողանալու այն պահպանել կրախից: Բանկային համակարգին, օդի և ջրի պես պետք է իրական սեկտորի ոտքի կանգնելը:
Այսօր, իսկապես պետք է փոքր և միջին բիզնեսին հասու և էժան միջոցներ, որոնք մեծ զարկ կտան տնտեսական զարգացմանը: Իշխանությունը պետք է ավելի համարձակ քայլերի գնա բանկային տոկոսադրույքները նվազեցնելու հարցում և երաշխավորի բիզնեսին վարկերի տրամադրումը: Փոքր և միջին բիզնեսի վարկավորման խթանում և գյուղացիական տնտեսություններին ստեղծված վարկային ծանր իրավիճակից դուրս գալու լուծումներ, ահա սրանք են ամենահրատապ քայլերը, որոնք պետք է նոր կառավարությունը արագ կատարի:
Իր հերթին բանկային համակարգը իր փոքր ռիսկերի հաշվին աջակցելով գործարարներին այս կերպ կապահովի նաև իրեն ապագա մեծ ռիսկերից:
Ն. ՍԱՐԳՍՅԱՆ