Երևանի «Բանանցի» գլխավոր մարզչի պաշտոնում է նշանակվել իսպանացի մասնագետ Տիտո Ռամալյոն (Tito Ramallo), հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
45-ամյա մասնագետը 1993 թվականից սկսած է աշխատել է Լա Կորունյայի «Դեպորտիվո» ակումբում: 2001-ից մինչև 2012 թվականը Տիտո Ռամալյոն եղել է «Դեպորտիվո Բ»-ի գլխավոր մարզիչը: 2008-ից 2010 թվականներին նա աշխատանքը համատեղել է «Դեպորտիվոյի» մանկապատանեկան ֆուտբոլի գլխավոր պատասխանատուի պաշտոնի հետ և ղեկավարել է ակումբի մարզաբազան: Ապա Տիտո Ռամալյոն աշխատել է «Դեպորտիվոյի» առաջին թիմում՝ որպես տակտիկական վերլուծության մարզիչ և եղել է թիմի սկաուտական բաժնի պատասխանատուն:
«Բանանցի» արդեն նախկին գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը մնալու է թիմի մարզչական շտաբում՝ շարունակելով կարևոր դերակատարում ունենալ թիմի աշխատանքներում:
Այսօր առավոտյան մարզիչը ներկայացվել է թիմին, իսկ կեսօրից հետո տեղի կունենա նրա առաջին մամուլի ասուլիսը «Բանանցի» մարզչի կարգավիճակով:
«Բանանցի» և Տիտո Ռամալյոյի ու իսպանացի այլ մարզիչների միջև համագործակցության մասին մանրամասները կհրապարակվեն հոկտեմբերի 12-ին, 12:00-ին «Բանանց» մարզահամալիրում կայանալիք շնորհանդես-ասուլիսի ժամանակ: