Եթե ինչ-որ պահի կողմերը նստեն բանակցությունների սեղանի շուրջ, պայմանները և ֆորմատները այլ են լինելու: Ամենայն հավանականությամբ, քննարկվելու է Ադրբեջանի համար այդ պահին ակտուալ` նոր հրադադարի հաստատում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը:
«Վերջին օրերին, ինչպես գիտեք, իրավիճակն աննախադաեպ լարվածության էր հասել: Ունենք խաղաղ բնակիչների շրջանում զոհեր, վիրավորներ: Այս ամենը բերել է քաղաքական շատ լուրջ փոփոխությունների: Կարելի է ասել, որ Հայաստանը պաշտոնապես հայտարարել է հրադադարի ռեժիմից դուրս գալու մասին: Իհարկե, ոչ այդ բառերով, բայց հայտարարվել է, որ Հայաստանն օգտագործելու է հրթիռահրետանային համակարգեր: Սա նշանակում է, որ Ադրբեջանը իր գործողություններով «կազուս բելլի» (պատերազմի առիթ) է ցույց տվել Հայաստանին»,- ասաց նա:
Պաշտպանության բանակը հայտարարել է, որ հակառակորդը կիրառել է D30 հրթիռներ: Բերդավանից ունենք ապացույցներ, որ կիրառվել է հրետանի: Այս ամենով հանդերձ` Վրթանեսյանը կարծում է, որ Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմի պատրաստ չէ. Ադրբեջանի քաղաքականությունն է այդպիսին` նրանք միշտ փորձում են արնաքամ անել:
Բացի այդ, հակառակորդը պատերազմի չի գնա, քանի որ դա լուրջ հարվածի տակ է դնում Ալիևի ընտանիքի ամբողջ բիզնեսը:
«Նույն ադրբեջանցիները, թեև սիրում են ֆեյսբուքում գրել Արցախի «ազատագրման» մասին, նրանք պատկերացում չունեն, թե իրենց սահմանամերձ գյուղերում ինչ իրավիճակ է»,- նկատեց նա:
Միջազգային կազմակերպությունների արձագանքի մասին Վրթանեսյանն ասաց, որ այստեղ ևս իրավիճակի փոփոխություն է եղել:
«Մենք հասել ենք մի իրավիճակի, որ Հայաստանը դադարեց արտաքին աշխարհին ուղղված դիվանագիտական ռեվերենսները: Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որ Արցախը համարվում է Հայաստանի անբաժան մաս, փոխում է իրավիճակը: Ադրբեջանը գուցե, ինչ-որ բան պարտադրեր, բայց համոզված եմ` հիմա այլ ձևաչափ է լինելու: Արդյո՞ք Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին, որովհետև կանոնակարգն այդպիսին է. անդամ պետությունը պետք է դիմի: Հայաստանը կարիք չի զգում ինչ-որ մեկին դիմելու»,- նշեց նա:
Վրթանեսյանը ուշադրություն հրավիրեց նաև այն հանգամանքի վրա, որ երեկ հայտարարված զոհերից մեկը թաղվել է Վրաստանում: Հարցականի տակ է՝ նա Վրաստանի՞ քաղաքացի է եղել, թե՝ Ադրբեջանի:
Լուսանկարը` Pan Photo-ի