Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը կարող է արմատապես նոր սկիզբ դառնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններում, haqqin.az-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի փոխնախագահ Բահար Մուրադովան:
«Չեմ կարծում, որ հունիսին Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հնարավոր հանդիպումը կհանգեցնի հակամարտության վերջնական կարգավորմանը: Սակայն այն կարող է խնդրի կարգավորման գործում արմատապես նոր փուլի սկիզբ դառնալ»,- ասել է Մուրադովան:
Ադրբեջանցի պաշտոնյան ընդգծել է, որ եթե սխալ գնահատականներ տրվեն Ղարաբաղյան հակամարտության շուրջ ստեղծված նոր իրողություններին, ապա հետևանքները կարող են անդառնալի լինել:
«Ադրբեջանը միջնորդներից և Հայաստանից ակնկալում է ավելի լուրջ մոտեցում հակամարտության կարգավորմանը»,- եզրափակել է Ադրբեջանի խորհրդարանի փոխնախագահը: