Բելառուսն Ադրբեջանի հետ հարաբերությունները միշտ կառուցել է բարեկամության և փոխըմբռնման ոգով. այս մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է երկրում Ադրբեջանի դեսպան Լյատիֆ Գյանդիլովի հավատարմագրերը հանձնելու արարողության ժամանակ. հաղորդում է Sputnik գործակալությունը:
Լուկաշենկոյի խոսքվ՝ երկու երկրների համատեղ ջանքերով իրականացվել են մի շարք խոշոր նախագծեր:
«Պետք է առավելագույնս օգտագործել առկա կարողությունները և առաջ շարժվել այդ ուղղությամբ»,- ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն:
Նշենք, որ Բելառուսի նախագահին իր հավատարմագրերն է հանձնել նաև երկրում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը: Հանդիսավոր արարողության ժամանակ Ալեքսանդր Լուկաշենկոն նշել է Բելառուսի՝ Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման գործում «առանձնահատուկ հետաքրքրության» մասին:
«Մեզ համար առանձնահատուկ հետաքրքրություն է Հայաստանի հետ համագործակցության զարգացումը: ԵԱՏՄ-ի շրջանակում գործընկերությունը նոր հնարավորություններ է ստեղծում մեր առևտրատնտեսական ծավալները մեծացնելու, և ընդհանրապես մեր կապերի զարգացման և ամրապնդման համար»,- ասել է Բելառուսի ղեկավարը: