Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Լեռնային Ղարաբաղի շփման գծում իրավիճակի մասին տեղեկացրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ու ԵԱՀԿ-ի ներկայացուցիչներին.Ռիա Նովոստիին դրա մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը:
Վերջինիս խոսքով` Ադրբեջանի ԱԳՆ-ի նամակում գրված է, որ հայկական կողմն իբր պարբերաբար խախտում է զինադադարի համաձայնագիրը և «հրետակոծության տակ է պահում բնակավայրերը շփման գծի երկայնքով»:
Հիշեցնենք, որ ԼՂՀ Պաշտպանության բանակն ավելի վաղ տեղեկացրել էր, որ ապրիլի 26-ի օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի կողմից ձեռնարկված ինտենսիվ հրետակոծությունները շարունակվել են նաև այս գիշեր: Ադրբեջանական զինուժը իր տրամադրության տակ եղած գրեթե բոլոր հրետանային զինատեսակներից, այդ թվում` ականանետերից, թնդանոթներից ու ՄՄ- 21 (Գրադ) կայանքներից ղարաբաղյան դիրքերի և խաղաղ բնակավայրերի վրա արձակել է ավելի քան 550 արկ: Առավել ինտենսիվ հրետակոծություններ են արձանագրվել շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ: Հրետակոծության են ենթարկվել Մարտակերտ, Ներքին Հոռաթաղ և խաղաղ այլ բնակավայրեր: