տուն Լուրեր Բակային հանդիպումներ, հեռուստաեթերներ. նախընտրական Գյումրի

Բակային հանդիպումներ, հեռուստաեթերներ. նախընտրական Գյումրի

258
0

gyumri

Հոկտեմբերի 2-ին Գյումրիում տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ, որոնց առաջադրվել են տասը կուսակցություն եւ կուսակցությունների մեկ դաշինք: Այս օրերին ընթանում է նախընտրական քարոզարշավը: Կուսակցությունների ներկայացուցիչները հանդիպումներ են ունենում գյումրեցիների հետ, ներկայացնում իրենց ծրագրերը:

Ով ինչպես եւ ինչ մեխանիզմներ է ընտրել, եւ կամ ինչպես են գնահատում ընթացող քարոզարշավը քաղաքական ուժերի ներկայացուցիչները: Այս եւ այլ հարցերի շուրջ Araratnews.am-ը զրուցել է մի շարք կուսակցությունների ներկայացուցիչների հետ:qp1

«Նո՛ր դեմքեր, Նո՛ր Գյումրի, Նո՛ր կյանք»: Այս կարգախոսով է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մասնակցում Գյումրիի ՏԻՄ ընտրություններին: Կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող քաղաքապետի թեկնածու Արթուր Համբարձումյանը Araratnews.am-ի հետ զրույցում նշեց, որ նախընտրական քարոզարշավի շրջանակներում հիմնականում բակային հանդիպումներ են կազմակերպում գյումրեցիների հետ:

«Հանդիպումները տեղի են ունենում բակերում, մտնում ենք բակեր, ծանոթացնում ենք մարդկանց մեր ծրագրերին, խոսում ենք, անմիջական  շփում ենք ունենում քաղաքացիների հետ»,- ասաց Համբարձումյանը, հավելելով, որ քարոզարշավի 80 տոկոսը կներառի բակային հանդիպումները:

Բացի  այս, հեռուստաեթերների, հանրային քննարկումների միջոցով են պատրաստվում ներկայացնել իրենց ծրագրերը: Համբարձումյանն ասաց, որ ըստ նախնական քննարկումների՝ կուսակցությունը Գյումրիում հանրահավաք կանցկացնի: «Նախնական այդպիսի բան ունենք՝ եթե նորմալ ընթանա, կկազմակերպենք հանրահավաք»,- ասաց նա: Ինչ վերաբերում է գյումրեցիների տրամադրվածությանը իրենց կուսակցության նկատմամբ, ապա Համբարձումյանը նշեց, որ դրական է  գնահատում:

ԳԱԼԱ

«Մաքուր ձեռքերով քաղաքականություն»: Այս կարգախոսով է առաջիկա ՏԻՄ ընտրություններին մասնակցում ԳԱԼԱ կուսակցությունը: Կուսակցության վարչության անդամ Քրիստինա Մկրտչյանը մեզ հետ զրույցում  նախընտրական քարոզչության ընթացքը ընդհանուր առմամբ նորմալ գնահատեց:

«ԳԱԼԱ-ն այս ընթացքում իրականացնում է ակտիվ հանդիպումներ: Հիմնականում այնպես է ստացվել, որ մեր հանդիպումների նախաձեռնողը գյումրեցին է: Մեզ զանգահարում են, հրավիրում թաղամասեր, տալիս են իրենց հուզող հարցերը, ներկայացնում իրենց թաղամասերում առկա խնդիրները»,- նշեց նա:

Այս ընթացքում, սակայն, կուսակցության ներկայացուցիչները բազմաթիվ  գյումրեցիներից ստացել են ահազանգեր այն մասին, որ ԳԱԼԱ կուսակցությունը կապվում է այս կամ այն կուսակցության հետ: «Գյումրեցիներն անհանգստացած զանգահարում կամ տարբեր հանդիպումների ժամանակ հարցնում են՝ դուք այս կուսակցության հետ կապ ունե՞ք, այսինչ կուսակցության հետ դաշի՞նք եք: Հիմա պատասխանեմ միանգամից, որ նախ՝ սա ցուցիչ է, որ ԳԱԼԱ-ն առաջնորդող, ֆավորիտ ուժն է այս ընտրություններում, ամենամեծ ժողովրդականությունն է վայելում, եւ թերեւս սրանով է պայմանավորված տարբեր կուսակցությունների կողմից այդ ձգտումը՝ ժողովրդի մեջ տարածելու, թե իրենք ԳԱԼԱ-ի հետ են: Սակայն նշեմ, որ սա խիստ պարտավորեցնող հայտարարություն է այդ ուժերի համար, որովհետեւ մենք շատ նախանձախնդրորեն ենք մոտենում մեր բրենդին»,- նշեց Քրիստինա Մկրտչյանը:

Նրա խոսքով՝ տարիների ազնիվ աշխատանքի ու պայքարի, հաղթանակների շնորհիվ են ստեղծել նման բրենդ, եւ, մեղմ ասած, ազնիվ չէ ուրիշի, այլոց վաստակի միջոցով հաջողություններ գրանցել: «Բացի այդ, Գյումրին այն քաղաքն է, որտեղ շատ շուտ են բացահայտվում մանր մանիպուլյացիաները: Մյուս կողմից՝ ասեմ, որ, ամենայն հավանականությամբ, տարբեր քաղաքական ուժեր այսպիսով ակնարկում են, որ անցողիկ շեմը ապահովելուց եւ ավագանիում տեղեր ունենալուց հետո պատրաստվում են ընտրել քաղաքապետի մեր թեկնածուին: Կարելի է այդ քաղաքական ուժերի ներկայացուցիչներից ճշտել, թե դա՞ ի նկատի ունեն՝ ասելով՝ ԳԱԼԱ-ի հետ են»,- եզրափակեց ԳԱԼԱ կուսակցության վարչության անդամը:

ՀԱԿ

«Ընտրիր փոփոխությունը»: Սա էլ ՀԱԿ կուսակցության կարգախոսն է Գյումրու ՏԻՄ ընտրություններում: Կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Սյուզի Մեխակյանը Araratnews.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենք եւս բակային  հանդիպումներ են կազմակերպում գյումրեցիների հետ: «Մենք  հեռուստատեսությամբ վազող տողով, նաեւ թռուցիկների միջոցով ենք իրազեկում քաղաքացիներին, թե որ թաղամասերում ենք  լինելու: Մենք գտնում ենք, որ բակային հանդիպումներն ավելի ճիշտ են, քան հեռուստատեսային ուղերձները»,- ասաց Մեխակյանը: Նա նշեց, թե որպես խմբագիր ծանոթ է Գյումրու խնդիրներին, գործունեության բերումով բազմաթիվ թաղամասերում է եղել, իսկ հիմա արդեն, որպես կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող՝ հանդիպումներ է ունենում, ներկայացնում իրենց ծրագրերն ու մոտեցումները: «Այսկերպ ավելի հեշտ կլինի ծանոթանալ խնդիրներին, որոնք ապագայում թե՛ որպես ավագանու անդամ կամ թե՛ որպես քաղաքապետ կկարողանաս լուծել»,- ասաց Մեխակյանը: Ինչ վերաբերում է գյումրեցիների տրամադրվածությանը ՀԱԿ-ի նկատմամբ, ապա Սյուզի Մեխակյանը նշեց, որ Գյումրին մշտապես աչքի է ընկել իր ընտրելու վարպետությամբ, եւ կընտրի նրան, ում խոստումներին եւ ծրագրերին հավատում է:

Մյուս քաղաքական ուժերի հանդիպումների մասին կներկայացնենք մեր հաջորդ հրապարակումներում:

Փայլակ Ֆահրադյան