Բաղրամյան պողոտայում այս պահին տարբեր շահեր սպասարկող տարբեր խմբավորումներ են, որոնք չունեն միասնական ձևակերպված օրակարգ, և դա է իրենց թույլ օղակը: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողներին ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
«Իսկ ինչո՞ւ չունեն, որովհետև տարբեր շահեր սպասարկող խմբավորումներ են, և խմբավորումներ են, որոնք, ըստ էության, որևէ շահ չեն էլ սպասարկում, պարզապես այնտեղ են, որովհետև այնտեղ հավաքվում են մարդիկ: Ձևակերպումը, թե խնդիրները չպետք է քաղաքականացնել՝ ես գրագետ ձևակերպում չեմ համարում, որովհետև բոլոր խնդիրները, այդ թվում նաև սոցիալական, լուծում կարող են ստանալ միայն մեկ դաշտում` քաղաքական: Չեմ պատկերացնում, որ սոցիալական խնդիրները, ասենք, երգի-պարի անսամբլում պետք է լուծում ստանան, բայց որ որևէ քաղաքական ուժն այնտեղ դոմինանտ չէ այս պահին՝ միանշանակ է»,- ասաց նա՝ նշելով, որ որ Բաղրամյան պողոտայում քաղաքական, հասարակական տարբեր ակտիվիստներ են, որոնք ուղղորդվում են տարբեր կողմերից, սպասարկում են տարբեր շահեր ու ենթաշահեր, հիմնականում միմյանց հակասող։
«Իսկ դա հիմքն է քաոտիկ իրավիճակի, ինչը վերջին օրերին մենք արդեն տեսնում ենք: Ոստիկանությունը, ինչպես տեսնում ենք, ընտրել է ուժ չկիրառելու մարտավարություն՝ թույլ տալով, որ շարժումը, որն ըստ էության` չունի միասնական օրակարգ և առաջնորդ, իսկ նման շարժումները շատ հեշտ է մաշեցնել, տանում են շարժումը հենց դրան`մաշեցնելու»,- նկատեց Նաիրա Զոհրաբյանը:
Վերջինը հիշեցրեց, որ երբ ԲՀԿ-ն ժամանակին ասում էր, որ սոցիալական բոլոր հարցերը պետք է լուծել քաղաքական դաշտում և թույլ չտալ, որ սոցիալական հարցերը դուրս գան քաղաքական օրակարգից, որովհետև, երբ դրանք դուրս են գալիս քաղօրակարգից, որևէ մեկը դրա համար պատասխանատվություն չի կրում, այլ հայտնվում են բազմաթիվ պատասխանատուներ ` իրար հակասող բազմաթիվ շահերով, ինչի հետեւանքով ստեղծվում է քաոտիկ իրավիճակ:
«Եվ այդ էր պատճառը, շարունակեց նա, որ ԲՀԿ-ն ոչ միայն ասում էր ` եկեք խնդիրները պահենք քաղաքական դաշտում, այլև ներկայացրել է լրջագույն առաջարկությունների փաթեթ, և, եթե ժամանակին կառավարությունը ականջալուր լիներ դրանց, թե փոխհատուցման ինչ մեխանիզմներով է հնարավոր հասնել նրան, որ էլէներգիայի սակագինը բարձրանա` այսօր չէինք ունենա այն իրավիճակը, ինչ ունենք»,- նշեց նա:
Խոսելով այն մասին, թե ինչ ընթացք կունենա շարժումը, Զոհրաբյանն ասաց, որ դժվարանում է կանխատեսումներ անել, բայց դատելով ընդհանուր գործընթացից` վստահեցրեց, որ ոստիկանները կշարունակեն ուժ չկիրառելու մարտավարությունը, իսկ քանի որ, նրա մոտեցմամբ, ցուցարարները չունեն միասնական օրակարգ, հստակ ձևակերպված պահանջներ՝ իրենց պահանջները հակասում են միմյանց:
Ն. Զոհրաբյանը նաև հավելեց` եթե ցուցարարները կարողանան ձևակերպել միասնական օրակարգ և կարողանան ունենալ միասնական ղեկավարվող մարմին, նույնիսկ տարբեր կազմակերպություններից կազմված, գուցե շարժումն ունենա հաջողություն. «Ես ցավում եմ, որ իսկապես ազնիվ մղումներով, իսկապես սոցիալական արդար պահանջի վրա ձևավորված երիտասարդների շարժումը պառակտվեց կամ կարողացան հասնել նրան, որ այն պառակտվի»,- ասաց նա: