Օրեր առաջ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել էր, թե կորցրած 800 քմ տարածքը ամայի տարածք էր, եւ չպետք է կենտրոնանալ դրա վրա: Բաղդասարյանի այս հայտարարությունն առաջացրել էր հասարակության վրդովմունքը: Araratnews.am-ի հետ զրույցում Բաղդասարյանը նշեց, որ իր տեսակետը պնդում է, նշելով, թե իրեն քննադատողները հայտարարության միտքը սխալ են հասկացել: «Ես մտածում էի, որ նրանք (նկատի ունի իրեն քննադատողներին) կկարողանան դրա իմաստը հասկանալ:
«Ամբողջ ադրբեջանական կայքերը ողողված էր այն փաստով, որ բռնապետ Ալիեւը գրավել է ստրատեգիական, ռազմավարական եւ կենսական նշանակություն ունեցող տարածքներ՝ ադրբեջանցիներին մոլորության մեջ դնելով, թե այդ տարածքներն իրոք նշանակությունն ունեն: Ես հայտարարում եմ, որ այն տարածքները, որոնք մեր հսկողությունից անցել են Ադրբեջանի հսկողության ներքո, դրանք անմարդաբնակ եւ ամայի տարածքներ են, նրանց փաստարկները, թե դրանք բնակեցված են եւ ռազմավարական նշանակություն ունեն՝ հերյուրանքներ են»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը:
Նա խորհուրդ է տալիս ֆեյսբուքյան հայրենասերներին՝ Ալիեւի ջրաղացին ջուր չլցնել, եւ ընդունել, ի վերջո, որ այդ տարածքները չեն կարող որեւէ կերպ ազդեցություն ունենալ հայկական կողմի գործողությունների վրա: «Մեր բանակը ամբողջովին տիրապետում է վերահսկողությանը, եւ այդ տարածքները, որոնք այժմ գտնվում են իրենց վերահսկողության ներքո, չեն կարող ազդեցություն ունենալ, եւ չպետք է աղավաղել իմ խոսքերը, ես չեմ ասել՝ մոռանալ այդ տարածքները, ես ասել եմ՝ չծանրանալ»,- նշեց Բաղդասարյանը, հավելելով, թե երբ գա ժամանակը, այդ տարածքները նորից ետ վերադարձնելը մեկ-երկու օրվա պատմություն է:
Ըստ Բաղդասարյանի՝ ինքը տարածքի նկարագրությունն է տվել: Մեր դիտարկմանը, թե՝ ամեն դեպքում, որքան էլ այդ տարածքները ամայի լինեն, դրանք պաշտպանելու գործի ժամանակ են զոհվել զինծայառողներն ու սպաները, Բաղդասարյանն արձագանքեց. «Նորից եմ կրկնում ես, երբ որ մենք այդ տարածքները նորից կվերադարձնենք, այն ժամանակ մենք կտանք այդ տարածքների գնահատականները, իսկ այժմ, քանի դեռ նրանք հերոսանում են բռնապետ Ալիեւի գլխավորությամբ, մենք պատասխանում ենք նրանց, որ հերյուրանք է տարածում Ալիեւը՝ իր մեղքերը, իր կեղտոտ գործարքները ծածկելու համար, եւ որպես հերոս է փորձում ներկայանալ, մենք հայտարարում ենք, որ դրանք ամայի տարածքներ են»,- նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարը: Նա եւս մեկ անգամ խորհուրդ է տալիս չծանրանալ այդ տարածքների վրա եւ հետեւել քաղաքական զարգացումներին: