«Կրկին ասում եմ, որ Սերժ Սարգսյանը և ՀՀԿ-ն որևէ մեկին չեն հեռացնում քաղաքականությունից, այլ պարզապես երևույթին գնահատական են տալիս». այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին նշեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, պատասխանելով այն հարցին, թե ենթադրելով, որ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի առջև քաղաքական դուռը փակել էր, արդյոք նա՞ էլ բացել է նրա առջև: «Այն, ինչ կատարվել է քաղաքական դաշտում, դա իր որոշման հետևանքով է եղել»,- ասաց նա: Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ Գագիկ Ծառուկյանը եղել և շարունակում է մնալ իր ընկերը, և որակումներ տրվել են քաղաքականության մեջ Գագիկ Ծառուկյանին:
Մեր հարցին, թե ի՞նչ դեմքերով է գնում ՀՀԿ-ն ընտրությունների, և արդյո՞ք կրկին թաղային օլիգարխներ կլինեն ցուցակում, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց, թե անցումը նոր ընտրական համակարգին հուշում է, որ կուսակցություններն իրենց ցուցակները կազմեն այն անձանցով, ովքեր կգիտակցեն` ինչի՞ համար են ԱԺ գնում: «Հորդորում եմ քաղաքական ուժերին իրենց համապետական ցուցակներում այնպիսի անձերի ներգրավել, ովքեր առավել ևս լինեն քաղաքական անձինք, իսկ ռեյտինգային ցուցակների գնահատականը կտա հանրությունը: Հանրությունը պետք է զգոն լինի, իր ձայնը տա այն քաղաքական ուժին, որի հետ կապում է իրենց ապագան»,- ասաց նա:
Իսկ այն, որ արդեն իսկ ահազանգեր կան, որ անձնագրեր են հավաքվում ու կաշառքներ առաջարկվում, ՀՀԿ պատգամավորը խնդրեց, որ եթե նման առաջարկություններ են լինում, կան, թող վերցնեն ու հայտնեն լրատվությանը: «Երկու ամիս առաջ արդեն խոսում եք նման երևույթների մասին, կատեգորիկ դեմ եմ, չեմ բացառում, որ կլինեն նման փորձեր, բարձրաձայնեք, և դուք դրա արձագանքը կտեսնեք»,- ասաց նա: Հարցին, թե Սերժ Սարգսյանը կգլխավորի՞ ՀՀԿ ցուցակը, թե՞ ոչ, Բաղդասարյանը խորհուրդ տվեց համբերել ևս երկու օր:
Նշենք, որ վաղը տեղի է ունենալու ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, որի ընթացքում ենթադրաբար կքննարկվի ՀՀԿ համամասնական ցուցակի հարցը: