տուն Լուրեր Բացարձակ հերյուրանք է, վսյո. Մինասյանը հակադարձում է նամակագիրներին

Բացարձակ հերյուրանք է, վսյո. Մինասյանը հակադարձում է նամակագիրներին

107
0

petham

Շիրակի պետական համալսարանի ռեկտոր, ՀՀԿ-ական Սահակ Մինասյանը բացարձակ հերյուրանք է որակում համալսարանի մի խումբ աշխատակիցների՝ Սերժ Սարգսյանին եւ Կարեն Կարապետյանին ուղղված նամակում իր հասցեին հնչեցրած մեղադրանքները: Araratnews.am-ի  հետ զրույցում Մինասյանը հայտարարեց, որ չի պատրաստվում մեկնաբանել բաց նամակի բովանդակությունը:  «Ես ոչ մի բան չեմ մեկնաբանում, մարդիկ պահանջել են, որպեսզի ուսումնասիրեն, թող գան` ուսումնասիրեն, արդյունքները կհրապարակեն, կիմանաք»:

Դիտարկմանը, թե  առաջին անգամը չէ, որ նման բովանդակությամբ նամակ է հասցեագրվում երկրի իշխանություններին, ՀՀԿ-ական ռեկտորը հակադարձեց.  «Ուրեմն առաջին անգամը չէ, երկրորդ-երրորդ անգամ էլ միշտ  ուսումնասիրություններ եղել են եւ հրապարակվել են, էս անգամ էլ կլինի: Բացարձակ հերյուրանք է, կլինեն ուսումնասիրություններ` կտեսնեք, վսյո»,- ասաց Սահակ Մինասյանը:

Նշենք, որ այսօր բուհի մի խումբ աշխատակիցներ բաց  նամակով դիմել են Սերժ Սարգսյանին եւ Կարեն Կարապետյանին` բարձրաձայնելով համալսարանում ռեկտորի կողմից իրականացվող չարաշահումների վերաբերյալ:

Նկատենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ աշխատակիցները դժգոհում են Սահակ Մինասյանի գործունեությունից: Մեկ տարի առաջ գրեթե նույն բովանդակությամբ բաց նամակ հասցեագրվեց Սերժ Սարգսյանին եւ Կարեն Կարապետյանին: Այդ ժամանակ Սահակ Մինասյանը հայտարարեց, թե  այս ամենը պատվեր է իր դեմ, որն իրականացնում է քաղաքական գործիչներից մեկը: «Նամակագիրը 4-5 կուսակցություն թռած, 6-րդի հետ բանակցած անձ է»,- ասել էր Մինասյանը:

Ընթացող զարգացումների վերաբերյալ Araratnews.am-ին որոշ մանրամասներ էին հայտնի դարձել: Մասնավորապես,  հանրապետական Սահակ Մինասյանի մատնանշած քաղաքական գործիչը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանն է: Սակայն վերջինս մեզ հետ զրույցում կտրականապես հերքել էր  իր անվան շուրջ պտտվող տեղեկությունները, ասելով, թե դրանք իրականությանը չեն համապատասխանում:

Ինչո՞ւ էր պետք Սամվել Ֆարմանյանին այս ամենը: Ֆարմանյանի քույրը՝ Անահիտ Ֆարմանյանը,  այդ բուհի  ուսումնագիտական և արտաքին կապերի գծով պրոռեկտորն է: Նախկին ռեկտոր Վարդեւան Գրիգորյանի ազատվելուց հետո տեղեկություններ կային, որ ռեկտորի պաշտոնում կնշանակվի Անահիտ Ֆարմանյանը: Սակայն  ՀՀԿ-ն նախապատվությունը տվեց կուսակցության մարզային կառույցի ղեկավար Սահակ Մինասյանին:

Մեր հարցին, թե ի՛նչ հարաբերությունների մեջ է Սահակ Մինասյանի հետ, Սամվել Ֆարմանյանը պատասխանել էր. «Մանրադրամների հետ ես հարաբերություններ չեմ ունենում, նրանց օգտագործողների հետ` ըստ ցանկության»:

Փայլակ Ֆահրադյան