Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի վերաբերյալ ոստիկանության բացահայտումներից հետո բուհի պրոռեկտոր Հովհաննես Ավագյանը հրաժարական է տվել: Այս մասին տեղեկացրել է ինստիտուտի ռեկտոր Դավիթ Մուրադյանը:
Հիշեցնենք, որ ինչպես արդեն գրել էինք՝ այսօր Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողներն ու դասախոսներն դուրս էին եկել բողոքի ակցիայի: Նրանք պահանջում են բուհի ռեկտոր Դավիթ Մուրադյանի հրաժարականը:
Նշենք, որ ոստիկանության բացահայտումները հիմնականում առնչվում էին պրոռեկտորին: Նախնական քննությամբ պարզվել է, որ 2012-2016 թթ․ ինստիտուտում անգլերեն լեզվի դասախոս է հրամանագրվել անձնակազմի կառավարման, միջազգային համագործակցության և միջբուհական աշխատանքների գծով պրոռեկտորը։ Նա փաստացի չի դասավանդել, բայց ստացել է շուրջ 3,500,000 դրամ աշխատավարձ: Դավիթ Մուրադյանն ասել է, որ խոսքը Հովհաննես Ավագյանի մասին է, ով արդեն հրաժարական է ներկայացրել: