տուն Լուրեր Բացահայտում. Հրազդանի քաղաքապետը սոցիալական ծրագրով օգնություն է բաժանել բիզնեսմեններին (armtimes.com)

Բացահայտում. Հրազդանի քաղաքապետը սոցիալական ծրագրով օգնություն է բաժանել բիզնեսմեններին (armtimes.com)

112
0

78719

Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը, ինչպես տեղեկացրել ենք՝ ապրիլի 17-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններին ընդառաջ որոշել է բյուջեի հաշվին «լավություն» անել հրազդանցիներին:

Դա արտահայտվել է «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով 2016 թվականի առաջին կիսամյակի համար նախատեսված պետական հատկացումների կեսից ավելին 2 ամսում «անապահով» բնակիչներին բաժանելով:

Շուրջ 150 քաղաքացիներ այդ ծրագրով Արամ Դանիելյանից ստացել են 30-ից մինչեւ 250 հազար դրամ աջակցություն:

Տարօրինակն այստեղ միայն այն չէ, որ Դանիելյանը մեկ կիսամյակի համար նախատեսված գումարի կեսից ավելին առաջին երկու ամսում արդեն բաժանել է:

Օգնություն ստացած քաղաքացիների ցանկի նախնական ուսումնասիրությունից պարզվում է, որ քաղաքապետի եւ Հրազդանի ավագանու որոշմամբ գումար են ստացել մարդիկ, որոնք չպետք է ստանային: Այսինքն այդ ցանկում ընդգրկված քաղաքացիների մեծ մասը չեն համապատասխանում Կառավարության սահմանմամբ «անապահով» լինելու չափորոշիչներին: Ավելին, այդ ցանկում նույնիսկ գործարարների անուններ կան:

Մասնավորապես, դրամական աջակցություն ստացածների ցանկում նշված է Արսեն Հովհաննիսյանի անունը, ով ըստ Հրազդանում տարածված տեղեկությունների «Լյուքս» տաքսի ծառայության սեփականատերերից մեկն է: Վերջինս փետրվարին ստացել է 200 հազար դրամ գումար: Ընդ որում՝ նշված անձը 250 հազար դրամի օգնություն էլ ստացել է նախորդ տարվա հոկտեմբերին:

Օգնություն ստացողների ցանկում է Անահիտ Օհանյանը (50 հազար դրամ), ով, ըստ մեզ հասած տեղեկությունների, համատիրության նախագահի կին է: Աջակցություն է ստացել նաեւ մեկ այլ համատիրության նախագահ. խոսքը Սուրեն Սարդարյանի մասին է (40.000դր.):

Քաղաքապետ Արամ Դանիելյանի բարությունից օգտվել է նաեւ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ Ռիմա Թովմասյանը (100.000դր.):

Նույնքան գումար է ստացել Սուրեն Եգորյանը, ով Երեւան քաղաքի գրանցում ունի: Երեւան, Բաբաջանյան 34/21 հասցեում գրանցված Վարդան Բաբիկյանն էլ ստացել է 20.000 դրամ, նույնքան գումար է ստացել նաեւ Տիչինայի 35 հասցեում գրանցված Կարեն Խաչատրյանը:

40 հազար դրամի աջակցություն է ստացել ոսկու շուկայի աշխատակից Վիգեն Հուսիկյանը, ով, ըստ մեզ հասած տեղեկությունների, Արամ Դանիելյանի գլխավոր խորհրդական Հրաչ Հուսիկյանի որդին է: Ի դեպ, ցուցակից պարզ է դառնում, որ Հուսիկյանը քաղաքապետարանի միակ աշխատակիցը չէ, որ «անապահով» է եւ քաղաքապետարանի օգնության կարիքն ունի:

Սոցիալական աջակցության ծրագրով քաղաքապետից աջակցություն են ստացել քաղաքապետարանի մշակույթի բաժնի 2-րդ կարգի մասնագետ Վանուհի Ղազարյանը (50 հազար դրամ), նույն բաժնի ավագ մասնագետ Նարինե Բաղդասարյանը (75 հազար դրամ), կադաստրի բաժնի աշխատակից Արայիկ Ստեփանյանը՝ 30.000 դրամ:

Եվ, որ պակաս տարօրինակ չէ՝ 2016 թվականին 100 հազար դրամի աջակցություն է ստացել Կոճոռի «գյուղապետ» Լյովա Օհանյանի (Կոճոռը Հրազդանի թաղամաս է, սակայն Օհանյանը հայտնի է որպես գյուղապետ) հարսը՝ Արփինե Սիրադեղյանը:

Մեզ հաջողվեց շատ կարճ հեռախոսազրույց ունենալ Արփինեի հետ: Այն ներկայացնում ենք ստորեւ.

— Արփինե, մենք ուսումնասիրում ենք քաղաքապետարանի փոխանցումները՝ սոցիալական ծրագրով ու այստեղ ձեր անունը կա որպես գումար ստացած անձ: Կարծեմ 100 հազար դրամ, հա՞: Էդպես է գրված:

-Հա, ըհը:

— Ուզում էի իմանալ ի՞նչ ծրագրով եք ստացել, ինչի համար:

— Կներեք էլի, ես տանը մենակ եմ, երեխան չի մնում: Մի քանի րոպեից էլի զանգեք, ինչ կլինի:

Մի քանի րոպեից մեր հեռախոսազանգին պատասխանեց Արփինեի ամուսինը.

— Արփինեի հետ կարո՞ղ եմ խոսել:

— Որտեղի՞ լրագրող եք, կարա՞նք իմանանք:

— Իհարկե, «Հայկական ժամանակի»:

— Ի՞նչ հարց կա, մի հատ ասեք՝ պատասխանեմ ձեր հարցին:

— Արփինե Սիրադեղյանը գումար է ստացել քաղաքապետարանի սոցիալական ծրագրով…

— Հա, հետո՞:

— Ուզում էի իմանալ ի՞նչ ծրագրով է, սոցիալապես անապահով…

— Սոցիալական անապահով ծրագրով, մեռնեմ կյանքիդ, լա՞վ ա, իմացա՞ր, ցավդ տանեմ, մյուս անգամ էլ չզանգես: Կլինի՞:

— Հիմա, փաստորեն, Կոճոռի «գյուղապետը» սոցիալապես անապահով է: Կարո՞ղ ենք էդպես արձանագրել:

— Ցավդ տանեմ էս համարին մի զանգի էլ, լա՞վ…Գրեք չենք պատասխանում ձեր հարցերին:

— Մի հարցի կպատասխանե՞ք: Կոճոռի գյուղապետն անապահո՞վ է:

— Նախ առաջինը, Արփինեն առանձին է ապրում, Կոճոռի գյուղապետի հետ չի ապրում, երկրորդն էլ խնդրում եմ էս համարին մի զանգեք: Էդ ձեր քաղաքականությունը…

— Լավ էսպես հարցնեմ: Այդ գումարի տրամադրումը ընտրությունների հետ կապ ունի՞:

— Ի՞նչ ընտրություն:

— Ապրիլի 17-ի:

— Ի՞նչ կապ ունի ապրիլի 17-ի ընտրությունների հետ:

— Քաղաքապետին օգնելո՞ւ եք:

— Կապ չունի, ցավդ տանեմ:

— Դուք աշխատանք ունե՞ք:

— Ես արդեն ձեր հարցերին չեմ պատասխանում:

Մեր հարցերին պատասխանեց կամ ավելի ճիշտ չպատասխանեց նաեւԱնահիտ Օհանյանը, ով, ըստ մեզ հասած տեղեկությունների համատիրության նախագահ Սերյոժա Կնյազյանի կինն է:

— Տիկին Անահիտ, մենք ուսումնասիրում ենք սոցիալական ծրագրով Հրազդանի քաղաքապետի հատկացումները: Դուք գումար եք ստացել այդ ծրագրով: Ճի՞շտ է:

— Հա:

— Ինչքա՞ն էր ձեզ փոխանցվել:

— Ինչի՞ համար եք հարցնում: Ո՞վ է հարցնում:

— Լրագրող եմ, «Հայկական ժամանակի» կայքից:

— Ի՞նչ պարտադիր է իմանաք ինչքան եմ ստացել:

— Ուզում ենք իմանալ ինչ պատճառաբանությամբ է այդ գումարը ձեզ տրամադրվել: Դուք սոցիալապես անապահո՞վ եք:

— Էտի իմ պրոբլեմն ա, թե ինչու եմ ստացել, ինչի համար չեմ ստացել, ես չունեմ ոչ մեկին ոչ մի բան բացատրելու:

— Գիտե՞ք ինչու ենք հարցնում. բացի այն, որ առջեւում ընտրություններ են եւ դա կարող է կաշառք դիտվել, նաեւ մենք տեղեկություն ունենք, որ ձեր ամուսինը խանութ ունի եւ համատիրության նախագահ է:

— Իմ ամուսինը նախ խանութ չունի արդեն քանի տարի է եւ երկրորդն էլ արդեն իմ պրոբլեմն ա: Մյուս անգամ էդ հարցով չզանգեք:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։