տուն Լուրեր Բաց վերքեր սահմանամերձ համայնքում (լուսանկարներ)

Բաց վերքեր սահմանամերձ համայնքում (լուսանկարներ)

181
0

verin2

Բաց  վերքեր, որոնք տարիներ շարունակ հիշեցրել եւ հիշեցնում են, որ հակառակորդի դավադիր գնդակը անցել է Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերով: Հայ սահմանապահը չհաստատված խաղաղության, իշխանությունների կողմից կնքված զինադադարի պայմաններում շարունակում է ապրել` ամուր կառչած մնալով սահմանին:  Սահմանամերձ  համայնքների բնակիչներին հարազատ են Ներքին եւ Վերին Կարմիրաղբյուր, Չինարի, Այգեպար եւ մյուս համայնքների յուրաքանչյուր անկյուն, այստեղ են նրանք կռվել, այստեղ են իրենց հարազատները, մանկահասակ երեխաները ապրում` ամեն օր լսելով կրակոցների ձայներ: Իսկ ձայները միշտ չէ, որ   հնարավոր է խլացնել: Դավադիր գնդակը թողնում է իր հետքերը:

Լուսանկարներում Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր համայնքին պատկանող շենքերից մեկն է, որտեղ ներկայումս գործում է համայնքի «Հայփոստի» բաժանմունքը: Կիսախարխուլ այս շենքում է գործում նաեւ «ԱրմենՏել» ՓԲԸ մասնաճյուղը: Տարիներ շարունակ սահմանամերձ համայնքի բնակիչը պահանջել է ընդամենը մեկ բան` վերացնել հակառակորդի թողած հետքերը: Այս ուղղությամբ սակայն քայլեր չեն ձեռնարկվել: Ոչ «Հայփոստին», ոչ էլ «ԱրմենՏելին» չի մտահոգում այն հանգամանքը, որ իրենց աշխատակիցները աշխատանքային օրն անցկացնում են վաղուց արդեն շարքից դուրս եկած շենքում: Համայնքային միջոցները բավարար չեն շենքի մասնակի վերակառուցման համար, իսկ պատասխանատուները, հայրենի կառավարությունը այս գործում ձեռքերը լվացել է:

verin2 verin3 verin4 verin5 verin6 verin8 verin9 verjin1

Սահմանի եւ սահմանապահի կողքին լինելու մասին հայտարարություններն այլեւս ժամանակավրեպ են: Հայկական երկու անկախ պետությունների սահմաններին հիմա համեմատաբար հանգիստ է: Հակառակորդի կրակոցները նվազել են, դրանից սակայն հայ մշակի խնդիրները չեն պակասել: Այս եւ մյուս բոլոր կառույցները, տները, որտեղ ապրում են սահմանամերձ գյուղի բնակիչները, ամեն օր հիշեցնելու է այն վերքի մասին, որը բաց է:

Այս ամենին եւ առկա մյուս բազմաթիվ խնդիրներին զուգահեռ վերինկարմիրաղբյուրցին շարունակում է ամուր կառչած մնալ իր հող ու ջրին,  իր բնակավայրին, որը երբեք էլ նրա համար լոկ բնակատեղի չի եղել: Այն հերոս սահմանապահի հայրենիքն է, որի պաշտպանությունը սկսվում է սահմանից: Սահմանից այն կողմ հակառակորդն է, որի կրակոցները շարունակում են բաց վերքին ցավ պատճառել:

Փայլակ Ֆահրադյան