Ֆեյսբուքյան օգտատերից Անուկ Էվոյանը իր էջում գրել է.
«ՀՀ վարչապետի պաշտոնակատար
Նիկոլ Փաշինյանին
ՀՀ քաղաքացի Վրույր Էվոյանից
Լոռու մարզ, ք. Ալավերդի,
Սանահին թաղամաս
15.11.2018 թ.
Բաց նամակ
Մեծարգո պարոն վարչապետ,
2018 թ. օգոստոսի 22-ին Ձեզ ուղղված իմ նամակում մանրամասնորեն տեղեկացրել էի կնոջս՝ Նունե Էվոյանի բարդ հիվանդության բուժման անհրաժշտության և դրա հետ կապված ֆինանսական մեր խնդիրների մասին: Խոնարհաբար խնդրել էի Ձեզ հնարավորություն գտնել իմ ընտանիքի համար ծանր այս իրավիճակում կնոջս բուժմանը էականորեն աջակցելու համար:
Ձեր հանձնարարությամբ՝ իմ դիմում-խնդրանքը քննարկվել է առողջապահության նախարարությունում: Ի մեծ ուրախություն ինձ և իմ ողջ ընտանիքի՝ նախարար Արսեն Թորոսյանի կողմից տեղեկացվեցի, որ խնդրին լուծում է տրված, և իմ կնոջ բուժումը կկազմակերպվի պետության հաշվին՝ անվճար:
Անհնարին է բառերով արտահայտել երախտապարտության այն զգացումը, որ համակում է ինձ և իմ ողջ ընտանիքին, ողջ գերդաստանին ձեր հանդեպ, Առողջապահության նախարարության հանդեպ՝ ի դեմս նախարար Ա. Թորոսյանի:
Ես փորձում եմ պատկերացնել այն հսկայական պատասխանատվությունը, որ ստանձնել եք Դուք, նախարարը և ողջ նախարարությունը՝ վճռելով պետական՝ մեզ հայտնի սուղ միջոցների հաշվին կազմակերպելու նման ծանր հիվանդությունների բուժումը: Ձեր և Ձեր թիմի վճռականությունը՝ հանուն մարդու, հանուն քաղաքացու աշխատելու և մտածելու գործում մեզ հույս է ներշնչում, որ շուտով պիտի առողջանա մեր ողջ ժողովուրդը, մեր հայրենիքը: Շնորհակալություն Ձեզ:
Հարգարժան պարոն Փաշինյան,
Ոսկրածուծի փոխպատվաստման հետ կապված բարդագույն բուժումը կազմակերպվեց Պրոֆ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում ս.թ. հոկտեմբերին:
Ուզում եմ առանձնահատուկ անդրադառնալ անձնակազմի մասնագիտական և մարդկային որակներին: Սկսած տնօրեն Սամվել Դանիելյանի վերաբերմունքից, որ եկավ հիվանդի մոտ, և ոչ թե հիվադին հրավիրեց իր մոտ, փոխտնօրեն Նատա Մելքիկյանից, որ քրոջաբար էր վերաբերվում հիվանդին, բուժող բժիշկ Կարեն Մելիքսեթյանից, որի ներկայությամբ մեր՝ հիվանդի հարազատներիս ներկայությունը դառնում էր ավելորդ, շարունակած ամբողջ բուժանձնակազմով, բոլորը հոգատարությամբ, սրտացավությամբ, չտեսնված պատասխանատվությամբ էին վերաբերվում հիվանդին: Եվ հաճելի էր տեսնել, որ դա ցուցաբերվում էր ցանկացած հիվանդի նկատմամբ:
Մեր խորին երախտապարտությունն ենք հայտնում Արյունաբանական կենտրոնի բոլոր-բոլոր աշխատակիցներին: Նրանց ցուցաբերած մասնագիտական կարողությունները, կառավարության ցուցաբերած հոգածությունը քաղաքացու, հիվանդի նկատմամբ մեզ հուսադրում է հայացք չնետել երկրից դուրս՝ օգնության կամ լավ կյանքի ակնկալիքով:
Հայոց կառավարությունը և հայ բժիշկները արել են այն ամենը, ինչ անհրաժեշտ էր իմ կնոջ ապաքինման համար: Դրանից վեր հույս՝ միայն Աստված:
Շնորհակալություն Ձեզ:
Ողջ ընտանիքի անունից՝
Վրույր Էվոյան…»