Այսօր Ազգային ժողովի նիստի ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանը ներկայացրեց Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2014 թվականի գործունեության մասին հաղորդումը:
Իր խոսքում նա նշեց, որ 2014 թվականին ՀՀ-ում գործել է 98 հեռուստաընկերություն. 34-ը՝ վերգետնյա եթերային, 64-ը կաբելային- մալուխային հեռարձակում իրականացող և 20 ռադիոընկերություն:
«Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը 2014 թվականին կաբելային հեռարձակում իրականացնելու 7 լիցենզիա է հատկացրել: Անալոգային հեռարձակումից թվային հեռարձակման անցնելու գործընթացի շրջանակում նախատեսված հաճախականությունների ցանկում կատարվել են համապատասխան փոփոխություններ: ՀՀ տարածքում հեռուստահաղորդումների համար նախատեսված հաճախությունների ամբողջական ցանկը հրապարակվել է: Հանձնաժողովն ուսումնասիրել է հեռարձակման իրավունքը հավաստող շուրջ 250 փաստաթուղթ»,- ասաց նա:
Պատգամավոր Միքայել Մելքումյանին հետաքրքրեց, թե ինչքան են կազմում Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի պահպանման ծախսերը: Նաև հարց ուղղեց, թե ինչպիսի տույժ կամ տուգանքներ են նշանակվել՝ ցանկանալով դրանք համեմատել պահպանման ծախսերի հետ:
Ի պատասխան՝ Գագիկ Բունիաթյանն ասաց, որ իրենց բյուջեն պրակտիկորեն անփոփոխ է տարիների ընթացքում:
«Մոտավորապես 273 միլիոն ՀՀ դրամ է: Իսկ դիմում-բողոքների մասով, այնպես չէ, որ բոլորը եղել են իրական: Մեր նպատակներից առաջինն է պաշտպանել մեր լրատվամիջոցներին»,- նշեց նա: