տուն Լուրեր ԱԺ-ում լարված է. Գալուստ Սահակյանը կոչ է անում դադարեցնել «պատերազմը»

ԱԺ-ում լարված է. Գալուստ Սահակյանը կոչ է անում դադարեցնել «պատերազմը»

108
0

azgayin-joxov

Ազգային Ժողովում քառօրյայի հերթական նիստը մեկնարկեց «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի քվերակությամբ: Հիշեցնենք, որ նախագծի հեղինակներն են ԱԺ պատգամավորներ Արծվիկ Մինասյանը, Միքայել Մանուկյանը, Արմեն Ռուստամյանը, Թևան Պողոսյանը, Աղվան Վարդանյանը, Արմեն Բաբայանը:

Վարման կարգով ելույթները ստացվեցին բավական բուռն: ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց, որ երեք քաղաքական ուժեր ներկայացրել էին առաջարկների լայն փաթեթ, որոնցից, ըստ էության, շատ քիչ հատվածն է ընդունվել: Տիկին Զոհրաբյանը, սակայն, նշեց, որ ընդունված առաջարկների՝ գործող օրենքի համեմատ որոշակի առաջընթացի ապահովման պատճառով՝  ԲՀԿ-ն կքվեարկի ձեռնպահ:

ՕԵԿ պատգամավոր Հեղինե Բիշարյանն էլ տեղեկացրեց, որ այն, ինչ մասին իր ելույթում խոսել է, համացանցում ևս հաստատվել է. ընտրություններին մարդիկ քվեարկել են «Այ-Դի» քարտերով:

«Մենք գտնում ենք, որ անհրաժեշտ է հետաձգել նախագիծն, այլապես դեմ կքվեարկենք, իսկ գործընկերներիս խորհուրդ կտամ ուշադիր լսել, հետո անցնել կոռեկտության սահմանները»,- կոչ արեց տիկին Բիշարյանը:

ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանն էլ նկատեց՝ այդ քարտերով ընտրություն կատարելը կանոնակարգի խախտում չէ:

«Հերոսացման գործընթացներն ավարտում ենք»,- ի պատասխան տիկին Բիշարյանի հայտարարությանն արձագանքեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ վարման կարգով ելույթի համար ձայն տալով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանին՝ ասելով. «Շարունակում ենք հերոսացման գործընթացը»:

«Ձեզնից լավ հերո՞ս»,- դիմելով ԱԺ նախագահին՝ ասաց պրն Զուրաբյանը: Քննարկվող նախագծին ընդդիմադիր պատգամավորը  դեմ արտահայտվեց՝ որպես հիմնավորում ներկայացնելով այն, որ ԱԺ չորս խմբակցությունների կողմից ներկայացված առաջարկները մերժվել են:

«Առաջարկների չընդունումը հեղինակների և իշխանության կողմից նշանակում է, որ Հայաստանում, ըստ էության, կկայանա ևս մեկ հակաժողովրդական հանրաքվե, որն այս պահից կարելի է ոչ լեգիտիմ համարել»,- հայտարարեց Լևոն Զուրաբյանը:

Նախագծի հեղինակ Արծվիկ Մինասյանն էլ նկատեց, թե տպավորություն է ստեղծվում , որ առաջարկները չեն քննարկվել.  «Այդպես չէ, քննարկվել է և 13 առաջարկներից 8-ն ընդունվել է, 5 առաջարկներն էլ ասել ենք՝ քննարկենք ընդհանուր ընտրական համակարգում փոփոխությունների համատեքստում»:

Քվեարկության պահին ընդդիմության շարքերում վեճ սկսվեց:

«Խնդրում եմ պատերազմը վերջացրեք, միշտ իշխանությունն ու ընդդիմությունն են կռվել , հիմա ընդդիմությունն է կռվում: Մեզ հետ կռվեք, գործ չունեք իրար հետ»,- միջամտեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

Խորհրդարանն, այնուամենայնիվ, 74 կողմ, 11 դեմ,  20 ձեռնպահ ձայներով նախագիծը երկրորդ ընթերցմամբ ամբողջությամբ ընդունեց:

Շողիկ Գալստյան