Շրջանառության հարկի մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին հարցը:
Հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը, ներկայացնելով օրենքի նախագիծը, ասաց, որ դրանով առաջարկվում է առևտրական գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողների համար սահմանված ապրանքային մնացորդների վերաբերյալ հարկային մարմիններին տեղեկությունների տրամադրման ժամկետը փետրվարի 1-ից մինչև հուլիսի 1 տեղափոխել, ինչը նշանակում է, որ գործարքների պարտադիր փաստաթղթավորման ժամկետը հետաձգվում է մինչև 2015թ. հուլիսի 1-ը:
«Այս օրենքի նախագծով ՀՀ Կառավարությունը հերթական անգամ ընդառաջում է տնտեսվարող սուբյեկտներին՝ պարտադիր փաստաթղթավորման ժամկետը հետաձգելով մինչև հուլիսի 1-ը: Զուգահեռաբար, այս ժամանակահատվածում ՀՀ կառավարությունը առաջարկում է Աժ բոլոր պատգամավորներին, խորհրդարանում ներգրավված քաղաքական ուժերին, ներգրավվել քննարկումներում»,- իր խոսքում ասաց Վ. Միրումյանը: