տուն Լուրեր ԱԺ-ում քննարկում են հայ-ռուսական միացյալ զորախմբի մասին համաձայնագիրը վավերացնելու հարցը

ԱԺ-ում քննարկում են հայ-ռուսական միացյալ զորախմբի մասին համաձայնագիրը վավերացնելու հարցը

61
0

HOP

Ազգային ժողովում քննարկվում է «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի միացյալ խմբավորման մասին համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Զաքարյանը նշեց, որ համաձայնագրում կիրառվում են մի շարք հասկացություններ, որոնք որոշիչ են համաձայնագրի բովանդակության հետագա կիրառման և միասնական մոտեցում ցուցաբերելու համար, մասնավորապես՝ «ռազմական անվտանգություն», «միացյալ զորքեր և ուժեր», «միացյալ հրամանատարություն», «տարածաշրջան», «ագրեսիայի անմիջական սպառնալիքի ժամանակաշրջան» և այլ կարևորագույն հասկացություններ:

«Միացյալ զորքերի կազմը որոշում են լիազոր մարմինները, որը, ըստ համաձայնագրի, երկու երկրների պաշտպանության նախարարություններն են: Լիազորված մարմինները ռազմաքաղաքական իրավիճակի համապատասխան վերլուծության և համաձայնեցված եզրահանգումների հիման վրա, հաշվի առնելով հնարավոր սպառնալիքների ուղղվածությունը և զորքերի կիրառման ընդհանուր մտահղացումը, տալիս են իրավիճակի գնահատականը»,- ասաց  Արտակ Զաքարյանը:

«Լիազորված մարմինները մշակում, համաձայնեցնում և Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարների հաստատմանն են ներկայացնում միացյալ խմբավորման կիրառման պլանավորման առաջարկությունները, փաստաթղթերի ցանկը և բովանդակությունը, դրանց մշակման և գործունեության մեջ դնելու կարգը: Միացյալ խմբավորման կիրառման համատեղ պլանավորում իրականացվում է նախապես՝ խաղաղ պայմաններում, երկու երկրների զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարների հաստատած ընդհանուր մտահղացմանը համապատասխան»,- մանրամասնեց Զաքարյանը:

Նա հավելեց, որ միացյալ խմբավորման հրամանատարին նշանակում և ազատում է ՀՀ ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարը՝ համաձայնեցնելով ՌԴ ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարի հետ: «Խաղաղ պայմաններում խմբավորման հրամանատարը ենթարկվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետին, ագրեսիայի անմիջական սպառնալիքի և պատերազմի ժամանակաշրջանում՝ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին կամ կողմերի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարների որոշմամբ՝ Ռուսաստանի Դաշնության  Հարավային ռազմական օկրուգի հրամանատարին»,- եզրափակեց Զաքարյանը: