ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր տեղի ունեցած նիստում մերժեց ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի օրենսդրական նախաձեռնությունը: Պատգամավորը առաջարկում էր փոփոխություններ կատարել ԱԺ կանոնակարգ օրենքում, ըստ այդմ՝ քաղաքացիների ընդունելությունն իրավունքների դաշտից տեղափոխել պարտականությունների դաշտ: Այսինքն` Տ.Ուրիխանյանն առաջարկում էր, որպեսզի պատգամավորները յուրաքանչյուր ամիս պարտադիր հանդիպեն իրենց ընտրողների, քաղաքացիների հետ:
Հանձնաժողովի ՀՀԿ-ական պատգամավորները դեմ արտահայտվեցին: Տ.Ուրիխանյանը հիշեցրեց, որ այդ գործընթացի կազմակերպման համար պատգամավորները պետական գանձարանից ստանում են հիսուն հազար դրամ:
Նախագիծը դրվեց քվեարկության: Կողմ քվեարկեց չորս պատգամավոր՝ Տիգրան Ուրիխանյանը, Զարուհի Փոստանջյանը, Էդմոն Մարուքյանը և Հովահաննես Սահակյանը: Հանձնաժողովի ՀՀԿ-ական անդամները դեմ էին: Իսկ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը` ձեռնպահ: Արդյունքում՝ նախագիծը չընդունվեց: