ԱԺ-ում այսօր քվեարկության դրվեց ԱԺ «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ներկայացրած «2015 թվականի հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած դաժան սպանությունների կապակցությամբ ԱԺ հայտարարության նախագիծը»՝ 5-րդ գումարման 8-րդ նստաշրջանի օրակարգ ներմուծելու համար:
Նախքան քվերակությանն անցնելը, նախագծի շուրջ իրենց կարծիքներն ու առաջարկությունները հայտնեցին պատգամավորները: ԲՀԿ խմբակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը նկատեց, որ նախագծում իրավական առումով ճշգրտումների կարիք կա, և հորդորեց հետաձգել հարցը օրակարգ մտցնելը: Միևնույն ժամանակ Զոհրաբյանն ընդգծեց, որ, եթե նախագիծը դրվի քվեարկության, ապա ԲՀԿ-ն կողմ կքվերակի:
Նույն կարծիքը հայտնեց նաև ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանըˋ նշելով, որ ՀԱԿ-ը կողմ կքվեարկի նախագծիˋ օրակարգ մտնելուն:
«2015 թվականի հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած դաժան սպանությունների կապակցությամբ ԱԺ հայտարարության նախագիծը» ԱԺ օրակարգ մտցնելու քվերակությանը կողմ քվերակեցին գրեթե բոլոր խմբակցությունները, բացի ՀՀԿ-ից. նախագիծը չընդունվեց:
Վարդուհի Ստեփանյան