տուն Լուրեր ԱԺ աշխատակազմի ծառայողները լրացուցիչ պարգեւատրումը կստանան պետբյուջեից

ԱԺ աշխատակազմի ծառայողները լրացուցիչ պարգեւատրումը կստանան պետբյուջեից

69
0

Arpine-Hovhannisyan

Օրեր առաջ տեղեկություն հրապարակվեց, որ քաղծառայողների համար նոր փոփոխություն են ներկայացրել ՀՀԿ-ական երեք պատգամավորներ, սակայն կառավարությունը, իբր, մերժել է նրանց նախաձեռնությունը: Araratnews.am-ին հայտնի է դարձել, որ  կառավարությունը ոչ թե մերժել, այլ դրական եզրակացություն է տվել ՀՀԿ-ական պատգամավորներ Շուշան Սարդարյանի, Գալուստ Սահակյանի եւ Մուրադ Մուրադյանի՝ «Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» նախագծին:

Թե ի՛նչ փոփոխությունների մասին է  խոսքը, արդյոք սա վերաբերո՞ւմ է քաղծառայողներին, պարզեցինք ՀՀԿ-ական պատգամավոր Շուշան Սարդարյանից: «Խոսքը ոչ թե քաղծառայողի, այլ պետական ծառայողի մասին է: Կատարվել են խմբագրական  փոփոխություններ, եւ որոշ դրույթներ հստակեցվել են»,- ասաց տիկին Սարդարյանը:

ԱԺ կայքից տեղեկանում ենք, որ «Հանրային ծառայության մասին» օրենքի համաձայն՝ Ազգային ժողովի պատգամավորների վճարովի հիմունքներով աշխատող օգնականների, աշխատակազմի ղեկավարի խորհրդականների եւ օգնականների, Ազգային ժողովի խմբակցությունների փորձագետների (մասնագետների) պաշտոնները հայեցողական են, իսկ համապատասխան պաշտոնը զբաղեցնելու ժամանակահատվածի աշխատանքային ստաժը հավասարեցվում է հանրային ծառայության ստաժին:

Վերոնշյալ օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասում կատարվել է լրացում, որը պայմանավորված է «Ներքին աուդիտի մասին» ՀՀ օրենքի պահանջների կատարմամբ:  Այն նախատեսում է հանրային ծառայության բոլոր մարմիններում, այդ թվում՝ նաեւ Ազգային ժողովի աշխատակազմում, ներքին աուդիտի ստորաբաժանման եւ աուդիտորների պաշտոնների ստեղծում: Թեեւ Ազգային ժողովի աշխատակազմում դրանք ընդգրկված են Աշխատակազմում պետական ծառայության պաշտոնների անվանացանկում, սակայն, հաշվի առնելով նրանց վերապահվող առանձնահատուկ դերն ու նշանակությունը, այս լրացումով սահմանվում է, որ ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարին եւ աուդիտորներին պաշտոնի նշանակում կամ ազատում է աշխատակազմի ղեկավարը:

Հետաքրքիրն այն է, որ ԱԺ այս օրակարգում ընդգրկված է համանման մի  օրենք: Խոսքը «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն է, որի հեղինակներն են ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն ու ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ նախագահի աշխատակազմի, ՀՀ կառավարության աշխատակազմի եւ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողների պարգեւատրման ֆոնդի հաշվարկի մեխանիզմի նույնական եւ միատեսակ կարգավորմամբ: Մասնավորապես, օրենսդիրներն ակնկալում են, որ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողների պարգեւատրումների հաշվարկման մեխանիզմը համապատասխանեցնել  ՀՀ նախագահի աշխատակազմի եւ  ՀՀ կառավարության աշխատակազմի պետական ծառայողների համար սահմանված պարգեւատրման մեխանիզմներին:

Araratnews.am-ը ՀՀ ԱԺ փոխնախագահ, նախագծի համահեղինակ Արփինե Հովհաննիսյանից պարզեց՝ արդյոք ԱԺ աշխատակազմի պետական ծառայողների պարգեւատրումները կավելանա՞ն, եթե հավասարեցվում են  նախագահի աշխատակազմի պարգեւատրումներին: «Օրենքով  նախատեսվում է իրավական հնարավորություն, որպեսզի ԱԺ աշխատակազմի պետական ծառայողները հնարավորություն ունենան ստանալու լրացուցիչ պարգեւատրումներ պետական բյուջեից:  Բայց սա ամենեւին չի նշանակում, որ ամեն տարի պարտադիր այդ պարգեւատրումները  պետք է լինեն»,- ասաց  տիկին Հովհաննիսյանը:

ԱԺ փոխնախագահի պարզաբանմամբ`  յուրաքանչյուր տարի պետական բյուջեի  նախագծի  քննարկման  ժամանակ կորոշվեն պարգեւատրումների համար անհրաժեշտ ֆինանսական հատկացումները:  «Այս պահին ֆինանսական բեռի ավելացում չկա»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ