ԱԺ պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը խորհրդարանին է ներկայացրել ՀՀ-ի ԵՏՄ անդամակցությունից դուրս գալու օրենքի նախագիծ, ինչի մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ինքը` Քոքոբելյանը: «Նախագիծը ներկայացված է, եւ ամսի 13-ին այդ նախագիծը, հաշվի առնելով ԱԺ կանոնակարգ օրենքի բոլոր ընթացակարգերը, հավուր պատշաճի համապատասխան հոդվածներով ներկայացվել է ԱԺ»,- ասաց նա:
Քոքոբելյանի խոսքով` նախագիծը կքննարկվի 30-օրյա ժամկետում: Մեր հարցին, թե ինչ սպասելիքներ կան, նկատի ունենալով, որ ԱԺ գրեթե բոլոր խմբակցությունները կողմ էին քվեարկել ՀՀ-ի` ԵՏՄ անդամակցությանը, Քոքոբելյանը պատասխանեց. «Ես այդ տեսակետին չեմ. նախ՝ շատ արագ փոփոխվող աշխարհի հետ գործ ունենք: Ցավոք սրտի, գործընթացներ տեղի ունեցան, գործընթացներ՝ ԼՂՀ այս քառօրյա պատերազմի հետ կապված: Այսինքն՝ ՌԴ-ն որպես ռազմավարական գործընկեր, ՀՀ-ն որպես ՀԱՊԿ-ի անդամ, որպես ԵՏՄ անդամ այն ակնկալիքները, որոնք ներկայացնում էին մեր օպոնենտները ու կողմնակից էին ԵՏՄ-ին, որոնք մինչեւ այսօր պաշտպանում են ՀԱՊԿ-ին, այդ ակնկալիքները, որ ունեին նրանք… մենք ոչ թե պետք է խնդրենք, այլ պահանջենք ՌԴ-ից, որ իր պարտականությունները չկատարեց»:
Քոքոբելյանն ազգային արժանապատվության խնդիր է համարում, որ Ադրբեջանը՝ չլինելով ԵՏՄ անդամ, Նազարբաեւի միջոցով կարողացավ այնպես անել, որ Երեւանում նախատեսված վարչապետների խորհրդի նիստը տեղափոխվի Մոսկվա: