«Ձեռքներդ հեռու Արցախից. Արժանապատվության պահանջ-երթ» նախաձեռնության անդամները Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը կնվիրեն «արյունոտ ռուսի սապոգ»:
«Եթե մեկը փորձի հող հանձնել, մենք իրեն կհանձնենք հողին: Ով փորձի հող հանձնել, այս բոցավառվող հեղուկը կնետենք ոչ միայն այս դեսպանատան, այլեւ բոլոր նրանց վրա, որոնք կփորձեն հող հանձնել»,- ասաց կազմակերպիչներից Դավիթ Սանասարյանը՝ ցույց տալով խորհրդանշական «Մոլոտովի կոկտեյլի շիշը»։
Ակցիայի մասնակիցները ցանկանում էին իրենց նվերներով արկղիկը դնել դեսպանատան նամակների արկղի մոտ, սակայն Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հորդորեց արկղը թողնել մայթի մոտ:
Ակցիայի մասնակիցները այժմ ԱԳՆ-ի մոտ են։ Իրավիճակը լարված է։
Երեւանի Ազատության հրապարակից մեկնարկել է «Ձեռքներդ հեռու Արցախից. Արժանապատվության պահանջ-երթ» նախաձեռնության կազմակերպած ակցիան դեպի Հայաստանի արտաքին գործերի նախարարություն եւ ՌԴ դեսպանատուն:
Երթի մասնակիցները Հայաստանի ու Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Սերգեյ Լավրովի հանդիպման ընդառաջ մտադիր են հնչեցնել իրենց պահանջները:
«Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Սանասարյանը իր խոսքում նշել է, թե միջազգային հանրությունը պետք է հստակ գնահատական տա Ադրբեջանի վայրագություններին։ Նա նաեւ դատապարտել է Ադրբեջանին զենք վաճառելու Ռուսաստանի քայլը։ Սանասարյանը ամբիոնից ընթերցել է ադրբեջանական ագրեսիան ետ մղելիս զոհված բոլոր զինծառայողների անունները։
Այս առնչությամբ, նախաձեռնության տարածած հայտարարության մեջ նշվում է.
«Սույն թվականի ապրիլի 21-22 ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ժամանում է Երեւան՝ Հայաստանի իշխանությունների հետ քննարկելու Ղարաբաղյան հակամարտության կարգավորման Կրեմլի պլանը:
Գիտակցելով պահի լրջությունը եւ լրատվամիջոցներով շրջանառության մեջ դրված հակահայկական ծրագրերի վտանգավորությունը արյունով վերանվաճված ու պաշտպանված Արցախի Հանրապետության համար, ապրիլի 21-ին ժամը 18:30-ին Ազատության հրապարակից երթով շարժվելու ենք Հայաստանի արտաքին գործերի նախարարություն եւ ՌԴ դեսպանատուն՝ Հայաստանի ու Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպման ընդառաջ հնչեցնելու մեր պահանջները:
Պահանջում մասնավորապես ասվում է.
Մենք, դասեր քաղելով Արցախի վրա Ադրբեջանի ռազմական ագրեսիայից, իրականացրած պատերազմական հանցագործություներից հատկապես՝ ապրիլյան չորսօրյա պատերազմի ժամանակ, հայտարարում եւ պահանջում ենք՝
1. Հայաստանը եւ Արցախը Ադրբեջանին որեւէ թիզ հող չունեն հանձնելու, ընդհակառակը՝ վերջինիս սաստելու, սեփական ժողովրդի անվտանգությունը երաշխավորելու համար անվտանգության ավելի ընդարձակ գոտի ստեղծելու կենսական անհրաժեշտություն ունեն,
2. Արցախի խաղաղության եւ անվտանգության միակ ապահովող եղել է եւ պիտի մնա մեր՝ Արցախի զինվորը, իսկ միջազգային խաղաղապահներ պետք է տեղակայվեն Ադրբեջանում՝ բնիկ ժողովուրդներին՝ թալիշներին, լեզգիներին, ավարներին եւ այլոց պաշտպանելու համար,
3. Ապահովել Ադրբեջանից փախստական դարձած հայերի, այդ թվում՝ շահումյանցիների անվտանգ շուտափույթ, կամավոր ու անվտանգ վերադարձը Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական շրջաններ,
4. Ճանաչել միջազգային իրավունքին համահունչ Արցախի անկախությունը,
5. Դադարեցնել Ռուսաստանի կողմից Ադրբեջանի սպառազինումը նորագույն հարձակողական ու զանգվածային ոչնչացման զենքերով, որոնք օգտագործվել եւ օգտագործվելու են Հայաստանի ու Արցախի դեմ»: