տուն Լուրեր Ազատանի գյուղապետի գլխին սարքո՞ւմ են

Ազատանի գյուղապետի գլխին սարքո՞ւմ են

113
0

_

Օրերս ՀՔԾ-ն տարածեց հաղորդագրություն, համաձայն որի Շիրակի մարզի Ազատան համայնքի գյուղապետ Վարդան Իկիլիկյանը չարաշահումներ է թույլ տվել: ՀՔԾ-ի տարածած հաղորդագրության համաձայն քաղաքացի Կարապետ Ա.-ն հաղորդում է տվել այն մասին, որ Վարդան Ի.-ն, 2008 թվականից աշխատելով Շիրակի մարզի Ազատան համայնքի ղեկավարի պաշտոնում, չարաշահելով իր լիազորությունները՝ 2009 թվականից մինչ օրս դրամական օգնություններ է հատկացրել համայնքի այն բնակիչներին, ովքեր փաստացի բացակայել են համայնքից, ինչպես նաեւ թույլ է տվել բազմաթիվ այլ չարաշահումներ, որով էական վնաս է պատճառվել համայնքի շահերին:

Մինչդեռ, Araratnews.am-ի հետ զրույցում Ազատանի գյուղապետ Վարդան Իկիլիկյանը հայտարարեց, որ իր «գլխին սարքում են», եւ որ ինքը որեւէ կապ չունի չարաշահումների հետ: Գյուղապետը նաեւ հայտնեց, որ քաղաքացի Կարապետ Ա.-ն, իրականում իր համագյուղացին է, ավելին՝ համայնքապետի ընտրություններում առաջադրված եւ պարտված թեկնածուն է: «Թող այդ ամենը նախաքննական մարմինն ապացուցի, երկու տարի է՝ ընթանում է, ես պարտավոր չեմ իմ անմեղությունն ապացուցել: Հետո, նա սովորական քաղաքացի չէ, նախկին գյուղապետն է, որը պարտություն է կրել ընտրություններում, եւ ..»,- մեզ հետ զրույցում ասաց Ազատանի գործող գյուղապետ Վարդան Իկիլիկյանը: Նա կարծում է, որ վերջինիս հաղորդումները իրականությանը չեն համապատասխանում, եւ որ այս կերպ փորձ է արվում իր գլխին գործ սարքել: Վարդան Իկիլիկյանն ասաց, որ, մինչ ՀՔԾ-ում գրավոր հաղորդում ներկայացնելը, նախկին գյուղապետը մի քանի անգամ անանուն նամակներ է հասցեագրել:

Հավելենք, որ սույն գործով նախաքննությունը շարունակվում է: