Դեպի Արցախ, հատկապես ազատագրված տարածքներ բնակչության միգրացիան խթանելու և այնտեղի բնակչությանը տեղում պահելու համար, միայն հայրենասիրական դրդապատճառները շատ քիչ են: Պակաս կարևոր չեն անվտանգության ապահովության, այնպես էլ կենսագործունեության և բիզնեսի համար սոցիալ-տնտեսական խթանների ապահովումը: Արցախի ապագան դա Հայաստանի հետ վերամիավորումն է և այդ տեսակետից Արցախը պետք է դիտարկել Հայաստանի տնտեսական զարգացման միասնական հայեցակարգում:
Անշուշտ, ազատագրված տարածքները հարուստ են տարբեր բնական ռեսուրսներով, որոնցից ամենակարևորները, դրանք՝ ջրային և հողային ռեսուրսներն են, և ինչու չէ նաև հանքահումքային ռեսուրսները, դրանց նպատակային օգտագործելու դեպքում Արցախի, ինչու չէ նաև Հայաստանի տնտեսական ներուժը մի քանի աստիճանով կարող է բարձրանալ: Արցախի ջրային ռեսուրսները, բացի տեղական նշանակությունից ունեն նաև ռազմավարական նշանակություն:
Այդ ռեսուրսների հենքի վրա, գոնե մոտակա տարիներին կարելի է զարգացնել տնտեսության երեք ոլորտ, որոնք են՝ գյուղատնտեսությունը, հանքարդյունաբերությունը և էներգետիկան (հատկապես հիդրոէներգետիկան, ինչու չէ նաև ոչ հեռավոր ապագայում նաև արևային, երկրաջերմային և հողմնային էներգետիկան):
Ազատագրված տարածքների, կամ Արցախի Հանրապետության հիմնականում արևմտյան և հարավային շրջանների վերաբնակեցման վերջին քսան տարիների քաղաքականությունը ենթադրել է հիմնականում գյուղատնտեսության հենքի վրա իրականացվող տնտեսական զարգացում: Քարվաճառի, Քաշաթաղի, Բերձորի, Կովսականի հայկական գյուղերի ապրուստի հիմնական աղբյուրը եղել է գյուղատնտեսությունը՝ անասնապահությունը և բուսաբուծությունը:
Բացի այդ, կարևոր նշանակություն ունեն հացահատիկի մշակաբույսերի մշակումը, որի արդյունքում Հայաստանի և Արցախի սեփական հացահատիկով ապահովելու մակարդակը զգալիորեն բարձրացել է: Բարենպաստ պայմաններ կան նաև խաղողագործության և պտղաբուծության զարգացման, ընդհուպ վերամշակման արտադրություն ստեղծելու համար: Գյուղատնտեսության զարգացման համար կարևոր է նաև Քարվաճառի հարուստ գետային ցանցի առկայությունը, մասնավորապես Թարթառ գետը, իսկ հարավում Ողջի, Որոտան-Աղավնո, Արաքս գետեր լցվող վտակների առկայությունը:
Սակայն, կարող ենք արձանագրել, որ ազատագրված տարածքների գյուղատնտեսության պոտենցիալի չնչին է մասն է ներկայումս օգտագործվում: Այս շրջանների տնտեսական ակտիվության վրա որոշակի ազդեցություն ունեն նաև այնտեղ տեղբաշխված հայկական բանակի զորամասերի առկայությունը:
Այդ շրջանների տնտեսական զարգացման համար, որոշակի դեր կարող են խաղալ նաև հանքահումքային ռեսուրսների յուրացումը: Ներկայումս որոշ վայրերում շահագործվում են ոչ մետաղական և մետաղական (ոսկու հանքավայրեր) փոքր հանքավայրեր: Սակայն Քարվաճառի շրջանում հայտնի են մոլիբդենի, վոլֆրամի, մանգանի, քրոմի, պղնձի, ոսկու և բազմամետաղների հանքավայրեր և երևակումներ: Չմոռանանք, նաև հայտնի հանքային ջրերի աղբյուրների մասին: Հատկապես պղնձով և ոսկով հարուստ են նաև հարավում գտնվող Կովսականի և Միջնավանի մոտակա շրջանները:
Հիդրոէներգետիկայի զարգացման համար, նույնպես բարենպաստ պայմաններ կան՝ նորից արժեր նշել Թարթառ, Ողջի, Որոտան և Աղավնո գետերի հունի վրա փոքր հզորության հիդրոկայանների ստեղծումը: Էլեկտրաէներգիայի սպառման խնդիր նույնպես չկա, շրջակա գյուղերի էլեկտրականությամբ մատակարարման համար դրանք հարմար վայրերում են գտնվում: Բացի այդ անհրաժեշտ է համալիր հետազոտություններ նաև արեգնակային էներգոռեսուրսների (Հադրութից հարավ մինչև Արաքս գետ), հողմնային էներգոռեսուրսների (Ջերմաջուր, Մռավի լեռնաշղթա) և հատկապես երկրաջերմային էներգառեսուրսների (Քարվաճառի շրջան) ներուժի գնահատման համար:
Անշուշտ, այս ամենի համար պետք է լինի գործող տրանսպորտային ցանց: Եթե այդ շրջաններում խորհրդային ժամանակաշրջանից մնացած միջպետական և հանրապետական ավտոճանապարհների վիճակը գոնե տանելի է, ապա շատ կարևոր է միջգյուղական ճանապարհների ցանցի ստեղծումը: Հատկապես կարևորվում է նաև Հայաստանի հետ գործող Գորիս-Բերձոր և կառուցվող Վարդենիս-Մարտակերտ մայրուղիներից բացի, նոր ավտոճանապարհային ցանցերի ստեղծումը կամ վերականգնումը, մասնավորապես Ջերմուկից դեպի Քարվաճառ, և Կապանից, Մեղրիից դեպի Կովսական ու Միջնավան բնակավայրեր ճանապարհների վերականգնումը և բարելավումը:
Անշուշտ, մոտակա տարիներին Արցախի արևմտյան և հարավային շրջաններում գոնե այս 3 ոլորտների՝ գյուղատնտեսության, հանքարդյունաբերության և էներգետիկայի զարգացման համար նախադրյալներ ստեղծելով, ակտիվորեն կնպաստենք այդ շրջաններում բնակչության աճին և ներհոսքին, դրանով էլ ավելի կուժեղացնենք Արցախը: