Բնիկ օձունցի լինելով՝ բավականին առիթ եմ ունեցել իմ բնօրրանով հիանալու և հպարտանալու համար։ Մի քանի տարի առաջ, երբ լուրեր տարածվեցին Օձունի Սբ. Աստվածածին Կաթողիկե եկեղեցին վերանորոգելու մասին ողջ հասարակությունը շունչը պահած սպասում էին Օձունի հրաշքի վերականգնմանը։ Տպավորությունն այնպիսին էր որ չի կարող որևէ խնդիր կամ խոչընդոտ առաջանալ, և հմուտ ճարտարապետներն ու փորձառու շինարարները հավուր պատշաճի կիրականացնեն իրենց առաջ դրված խնդիրը։ Վերջերս, գալով Օձուն, ականատես եղա մի տարօրինակ պատկերի. նախ տեղում իմացա, որ եկեղեցում շինաշխատանքներն արդեն ավարտված են, և որ ամենակասկածելին էր ինձ համար՝ շինհրապարակում դեռևս անելիք կար, առաջին իսկ հայցքից, իսկ ամենաանսպասելին, որ տեղահանված էին եկեղեցու բակում թաղված օձունցիների հազարամյա շիրմաքարերը՝ մատնված անտերության։ Փաստորեն, ինչպես երևում է նկարից՝ վանքի ֆոնին առկա է գերեզմանաքարերի մի կույտ։ Ինչ վերաբերում է եկեղեցու վերականգնման աշխատանքներին՝ չլինելով ճարտարապետ-շինարար, բայց լինելով քիչ թե շատ հուշարձանների մասին պատկերացում ունեցող մարդ, հասկացա, որ առկա են կիսատ գործեր. գոնե իմ հիշողության մեջ մնացած մինչև ութսունականների կեսերը եկեղեցու նախկին տեսքից բավականին խաթարված դրվագների ականատես եղա։ Նկարում պատկերված է սբ. Աստվածածին։ Եկեղեցին ողջ արևմտյան ճակատով նախագծով նախատեսված է եղել այն վերակառուցել ամբողջական տեսքով, սակայն այսօր հյուսիսային անկյունի քիվը գտնվում է գետնին, այսինքն տարրական, առաջին հայացքից անզեն աչքով նկատելի «վրիպակ»
Հարկ է նշել, որ մշակույթի նախարարության օժանդակությամբ՝ Օձունի եկեղեցու վերականգնման ծրագիրը ՀՀ Կառավարության համապատասխան հանձնաժողովի կողմից ճանաչվել է որպես բարեգործական, և 2013 թվականի օգոստոսի 9-ի Մ-717-Ա որոշմամբ ազատվել է ավելացված արժեքի հարկից։ Փաստացի առավել գումարով դե ֆակտո կատարվել է նվազ չափի աշխատանք։ Գյուղացիների դժգոհությունները և Օձունում եկեղեցու վերականգնման կիսատ աշխատանքների առիթով հասարակական մթնոլորտի սրումը հիմնականում կապված է տարբեր մասնագետների և անձանց ամպագորգոռ ճամարտակությունների հետ, ըստ որոնց, սբ. Աստվածածին եկեղեցու վերանորոգման աշխատանքներն ավարտվել են, և իբր կատարվել է բարեխղճ աշխատանք։
Հ.Գ. «Նոր կյանք Օձունին» ՖԲ էջում խոսվում է այն մասին, որ եկեղեցու շինաշխատանքների ժամանակ օգտագործված Կառնուտի քարը տուֆից մոտ հինգ անգամ թանկ է, սակայն Շիրակի մարզից ճշտված ինֆորմացիայի համաձայն այն արժե մոտ 55 հազար դրամ, այսինքն տուֆից 15 հազար դրամ մատչելի։ Հետաքրքիր է, ինչ արժեքով է այդ քարատեսակը ներկայացված եղել Օձունի տաճարի նախագծա-նախահաշվարկային «անձեռնամխելի» փաստաթղթում։ Ամփոփելով նշված հարցի մասին փոստային անդրադարձերը՝ նշենք, որ նշված Կառնուտի քարով պետական միջոցներով ներկայումս ընթանում է նաև Քոբայրի վանական համալրիր վերականգնման աշխատանքները, և հարկավոր է, որ պատկան մարմիններն այս փաստի վրա առանձնակի ուշադրություն դարձնեն՝ հետագայում ֆինանսական պատրվակով աշխատանքները դադարեցնելու հարցին չբախվելու համար։
Ուշադրություն. araratnews.am-ը պատասխանատվություն չի կրում ԱԶԱՏ ՀԱՐԹԱԿ-ում հրապարակված նյութերի համար։