Այսօր Աժ-ում շարունակվում է ՀՀ Կառավարության ներկայացրած «Շրջանառության հարկի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը: Հարցի շուրջ ելույթ ունենալով՝ պատգամավոր Թևան Պողոսյանն ասաց.
«Լավ նախաձեռնություն եք փորձում անել: Առաջին անգամ չէ, որ փորձում եք պայքարել ստվերի դեմ: Սակայն, ցավոք, ունենք այլ պատկեր: Մոռանում եք ուսումնասիրել արմատները: Ի վերջո, ժողովուրդը դուրս է գալիս փողոց, բողոքում է: Զարգացած երկրներում կա մի մշակույթ. ցանկացած կառավարություն մշակում է տարբեր սցենարներ: Դրանց հիման վրա ինչ-որ հաշվարկներ են գրվում: Իսկ այստեղ առայժմ մենք ենք սցենարներ գրում: Ասում ենք, որ այս նախագծի ներդրման դեպքում ընտանիքներ կարտագաղթեն և այլն: Իսկ որտեղի՞ց է գալիս ստվերը: Ապրանքների ներմուծման երկու ձև կա. մեկը` ՀՀ տարածքում արտադրվելն է, մյուսը` ՀՀ ներկրվելը: Լուսնից չեն ուղարկում: Պետական սահմանը վերահսկում է կառավարությունը, առնվազն, այդպես եք ասում: Իսկ Հայաստանում արտադրվածը վերահսկում է հարկային մարմինը: Հիմա, եթե սցենար եք մշակում` պայքարել ստվերի դեմ, մի հատ էլ այդ սցենարը քննարկեք: Միգուցե այդ երկու ինստիտուտները պետք է փոխվեն»:
Պատգամավորը վստահեցրեց, որ եթե այդ երկու` մաքսային ու հարկային ինստիտուտներում ստվերը վերացնենք, կունենանք լիովին այլ պատկեր: